«Հազար պատճառ կայ բան մը չընելու, սակայն
մէկ պատճառ կրնայ ըլլալ հազար բան ընելու»
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մարդկային ու բնական է այն հանգամանքը, որ երբեմն-երբեմն առերեսվում ենք մեզ համար բավական ծանոթ մի երևույթի՝ ծուլությանը։ Գտնվելով մեզ համար «հարմարավետ գոտում»՝ ոչ միշտ է, որ ցանկություն ենք ունենում ինչ-որ գործ սկսելու, սկսած գործը շարունակելու։ Իմանալով հանդերձ, որ ծուլությունը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը՝ միևնույն է, երբեմն չենք կարողանում խուսափել այս երևույթի հետ հանդիպումից։
Ինքներս մեզ տալիս ենք մի հարց, որ երբեմն իսկապես արդարացված է՝ ինչո՞ւ պիտի անեմ սա, եթե առանց այդ անելու էլ ինձ վատ չեմ զգում։ Զանազան «ինչու»-ներ փնտրելու ճանապարհին հիշենք նաև, որ անգործությամբ ծուլանում ենք։ Եվ ինքներս մեզ տանք հարցը, թե ինչո՞ւ ծուլանամ, եթե այն սպանում է մարդուն՝ հեռացնելով Աստծուց, Աստծո շնորհած առաքելությունից և Նրա կողմից ստացած միակ հնարավորությունից։
Աստվածաշնչում գրված է, թե «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13։4)։ Ուստի՝ «ինչո՞ւ պիտի սա անեմ» հարցի փոխարեն հիշենք Սուրբ Գրքում ասված այս խոսքը։
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր քարոզներից մեկում փորձել է տալ պատասխանը մեր այս մտածումների, որոնցով փորձում ենք արդարացնել մեր անգործությունը, հոժարաբար բռնել ծուլության ուղին։ Նա ասել է․ «Հազար պատճառ կայ բան մը չընելու, սակայն մէկ պատճառ կրնայ ըլլալ հազար բան ընելու։ Սէրն է այդ պատճառն ու մղիչ ուժը»։ Մենք էլ, ականջալուր լինելով այս հորդորին, անսահման սեր խնդրենք Աստծուց։ Լցվե՛նք անմնացորդ սիրով դեպի մեր գործը, որ անում ենք, դեպի այն մարդիկ, որոնց համար կատարում ենք ինչ-որ աշխատանք, և դո՛ւրս գանք ծուլության ճահճից։
Թող մեր սրտերում «ինչո՞ւ պիտի անեմ» հարցի պատասխանը մշտապես լինի հստակ, և մեր ականջներում մշտապես հնչի աստվածաշնչյան պատգամը, թե․ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից, մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ կկանգնի դռանդ» (Առակաց 6։9-11)։