Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը: Տոնի առթիվ փետրվարի 13-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Բոլոր եկեղեցիներում կատարվեց Ժամերգություն, Անդաստանի կարգ, այնուհետև տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ:
Արաբկիրի եկեղեցու բակում ժամերգությունից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ Հայորդաց տան սաների մասնակցությամբ: Եկեղեցու բակում վառվեց խարույկ, և հավաքվածները հնարավորություն ունեցան թռչելու խարույկի վրայով:
Տոնը ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ևս անցավ բարձր տրամադրությամբ: Օրը էլ ավելի տոնական դարձավ՝ շնորհիվ երիտասարդների, ովքեր միջոցառմանը ներկայացան ազգային երգերով և պարերով:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում երեկ՝ երեկոյան ժամերգությունից հետո վառվեց ավանդական խարույկը, և եկեղեցու բակում հավաքված մեծաթիվ հավատացյալներ հնարավորություն ունեցան տոնի խորհրդին հաղորդակից լինելու և մասնակցելու ավանդույթ դարձած խարույկավառությանը:
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում խարույկավառությունը ուղեկցվեց «Տարոնցիներ» ազգային երգի-պարի խմբի ոգեշնչող և տրամադրություն հաղորդող կատարումներով, որոնց միացան նաև եկեղեցու բակում հավաքված երիտասարդները:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում վառվեց խարույկ, այնուհետև տեղի ունեցավ միջոցառում՝ «Մենք» ազգագրական երգի և պարի համույթի մասնակցությամբ:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ժամերգությունից և նորապսակների օրհնության կարգից անմիջապես հետո, եկեղեցում հավաքված հավատացյալների համար վառվեց տոնական խարույկը, ապա տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Երևանի՝ Դավթաշենի Սրբոց Նահատակաց, Նորագավիթի Սուրբ Գևորգ, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին, Ներքին Չարբախի Սուրբ Խաչ, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ևս Տյառնընդառաջը անցավ մեծ շուքով, մարդաշատ և բարձր տրամադրությամբ: Եկեղեցիների բակերում վառվեցին Քրիստոսի լույսը խորհրդանշող խարույկներ, կազմակերպվեցին տոնական միջոցառումներ՝ համայնքների երիտասարդների մասնակցությամբ:
Արարատի մարզի Դաշտավան գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները հնարավորություն ունեցան, տոնի խորհրդին համահունչ, մասնակցել խարույկավառության արարողությանը, ապա ունկնդրել երգեր և պարեր՝ երեխաների կատարմամբ:
Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Արարատի Սուրբ Հակոբ, Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ևս կատարվեց երեկոյան ժամերգություն, նախատոնակ, Անդաստանի կարգ, որից հետո վառվեց ավանդական խարույկը։