Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Այսօրվանից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ երիտասարդների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկում են Բուն Բարեկենդանի տոնակատարություններ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

Այսօր` փետրվարի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից մեկնարկեց Բուն Բարեկենդանի ավանդական դարձած տոնական միջոցառումների շարքը: Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սագիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատակից Լիլիթ Բաբայանը:

 

Միջոցառման տոնական մասը ապահովեցին Ղազարոս Սարյանի անվան թատերական խումբը, Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի սաները, «Արմենիա» պարային խումբը (գեղարվեստական ղեկավար` Հայկ Անտոնյան) և համայնքի երիտասարդաց միության անդամներ:

 

Տոնի խորհրդանիշ հանդիսացող Մեծ Պապուկի կերպարը ևս ներկայացված էր միջոցառման ընթացքում: Ցուցդրված էին բարեկենդանյան ուտեստներ, քաղցրավենիքներ, որոնք միջոցառման ավարտից հետո հյուրասիրվեցին հավաքվածներին:

 

 Հավելենք, որ Բուն Բարեկենդանի միջոցառումները նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում: Դրանք կամփոփվեն փետրվարի 23-ին՝ Բուն Բարեկենդանի օրը՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք մեծ միջոցառմամբ

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-15
×