Փետրվար 18-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցավ Բուն Բարեկենդանին նվիրված գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում հանդես եկան Ռոբերտ Անդրեասյանի անվան «Հայկազունք» դհոլահարների խումբը, «Սասուն» և «Մանուկներ» ազգային երգի-պարի խմբերը և երգիչ Վահագն Հովհաննիսյանը՝ իր ազգային երգերով: Տոնին միացել էին նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի մի խումբ մանկապարտեզներ, որոնք ցուցադրում էին ազգային տիկնիկներ, ուտելիքներ և գեղեցիկ նկարներ, իսկ մանկապարտեզների երեխաները` դիմակավորված և ազգային հագուստներով, շուրջպար էին բռնել եկեղեցու բակում:
Միջոցառումը ընթացավ տոնին հատուկ խրախճանքով, խաղերով, թատերական դրվագներով և ժողովրդական երգ ու պարով: Ավարտին եղավ հյուրասիրություն` տոնին հատուկ կերակրատեսակներով: Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի անդամները:
Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 23-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին