Դավթաշեն վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Դավթաշեն վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Փետրվարի 19-ին Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում հավաքվել էին վարչական շրջանի բնակիչներ, տարբեր կրթական հաստատություննների ներկայացուցիչներ՝ տոնելու ավանդական դարձած Բուն Բարեկենդանը:

 

Միջոցառմանը ներկա էին Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանը:

 

Միջոցառման սկզբում Տեր Խորեն քահանա Մարուքյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, այնուհետև ներկայացրեց տոնի խորհուրդը՝ շնորհակալություն հայտնելով երիտասարդաց միություններին և Երևանի քաղաքապետարանին՝ տոնն այսկերպ կազմակերպելու համար: Տոնակատարությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա իրենց բարեկենդանյան համարով հանդես եկան Դավթաշնի թիվ 192 դպրոցի սաները:

 

Միջոցառմանը վարչական շրջանի մանկապարտեզները պատրաստվել էին մեծ շուքով. եկեղեցու բակում թիվ 61, 62, 60, 59, 58 մանկապարտեզները ներկայացրել էին բարեկենդանյան իրենց անկյունները՝ ազգային ձեռագործ տիկնիկներով, ուտեստներով, քաղցրավենիքով: Մանկապարտեզի աշխատակիցները երգում էին բարեկենդանյան երգեր՝ հավաքված սեղանների շուրջ:

 

Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ տոնակատարությունները կշարունակեն մանկապարտեզներում՝ ցուցադրելով Բուն Բարեկենդանի մասին տիկնիկային ներկայացումներ երեխաների համար:

 

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին՝ մեկնարկելով առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից, շարունակվելով տոնական երթով և մեծ տոնախմբությամբ՝ Ազատության հրապարակում: Մինչ այդ միջոցառումները կշարունակվեն՝ ընդգրկելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին:

  • 2020-02-19
×