Փետրվարի 19-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպվեց Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառում: Տոնակատարությունը տեղի ունեցավ «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնում՝ նույն կենտրոնի սաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սագիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը, «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Նորա Աղագուլյանը:
Միջոցառման սկզբում Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը հանդես եկավ օրհնության խոսքով, ապա հավաքվածները միասնաբար աղոթեցին: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու կենտրոնի սաների թատերական ելույթները, երգչախմբի ժողովրդական երգերի կատարումները, դհոլահարների խմբի ելույթ, ժողովրդական պարերի կատարումներ, ինչպես նաև կենտրոնի սաների կողմից բեմադրված մարիոնետների թատրոն՝ Բարեկենդանի թեմայով:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը:
Կենտրոնի սաների կողմից պատրաստված ձեռագործ զարդերի, դիմակների և զանազան այլ իրերի ցուցահանդես էր ներկայացված հարթակում ՝լրացնելով միջոցառումը:
Հիշեցնենք, որ Բուն Բարեկենդանի միջոցառումները նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում: Դրանք կամփոփվեն փետրվարի 23-ին՝ Բուն Բարեկենդանի օրը՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք մեծ միջոցառմամբ: