Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, Հայաստանի գրողների միությունը կազմակերպել էր այցելություններ տարբեր դպրոցներ: Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, բանաստեղծ և երգահան Տեր Թովմա քահանա Անդրեասյանն այցելեց Շենգավիթի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոց: Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ուսուցիչները և 7-ից 9-րդ դասարանների աշակերտները:
Տեր Թովման իր խոսքում շեշտեց գիրք ընթերցելու կարևորությունը. «Գիրք ընթերցելն ուղեկցվում է տարբեր կարգի կենսական կարևոր երևույթներով, որոնք կերտում են ընթերցողի բարոյական, հոգևոր կերպարը, լցնում նրա էությունը հույզերով, սերմանում նրա մեջ գեղարվեստական ճաշակ, կենդանացնում նրա երևակայությունն ու զգայական աշխարհը: Այդ ամենը չեն կարող տալ համակարգիչը և համացանցը: Գիրք ընթերցելը բողոքի դրսևորում է համընդհանուր վազքի, ամենակուլ հոսքի, ապամարդկայնացման, ապաանձնայնացման դեմ»,- ասաց տեր Թովման:
Հանդիպման ավարտին Տեր հայրը դպրոցի գրադարանին նվիրեց իր գրքերից, ընթերցեց իր տարբեր տարիների բանաստեղծություններից և ցուցադրեց տեսահոլովակներ՝ իր երգերով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին