Այսօր՝ փետրվարի 20-ին, Շենգավիթ վարչական շրջանը Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում տոնեցին Բուն Բարեկենդանը:
Միջոցառումը մեկնարկեց երաժշտական դպրոցի բակից՝ լարախաղացի համարով, ուրախ տոնակատարությամբ, դհոլահարների, պարային խմբերի մասնակցությամբ:
Այնուհետև տոնը տեղափոխվեց դպրոցի նախասրահ, որտեղ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի սաները ցուցադրեցին ազգային խաղեր՝ զուռնա-դհոլի ուղեկցությամբ:
Դպրոցի արդեն 2-րդ հարկում ներկաները դիտեցին Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ներկայացումը՝ դպրոցի սաների մասնակցությամբ:
Տեղափոխվելով դահլիճ՝ ներկանները ականատես եղան իրական բուն բարեկենդանյան ուրախ տոնակատարության:
Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները և «Նուբար» ազգագրական համույթը:
Ողջ ընթացքում ցուցադրված էին տարատեսակ բարեկենդանյան կերակրատեսակներ, քաղցրավենիք, որոնք արդեն միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու:
Տոնակատարությանը ներկա էին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Շենգավիթ վարչական շրջանի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին՝ մեկնարկելով առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից, շարունակվելով տոնական երթով և մեծ տոնախմբությամբ՝ Ազատության հրապարակում: Մինչ այդ միջոցառումները կշարունակվեն՝ ընդգրկելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին