Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավանդույթ է դարձել ժողովրդական տոները բնակիչների առօրյայի մասը դարձնելը: Փետրվարի 20-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տոնախմբություն էր: Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշվեց հայկական ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը`Բուն Բարեկենդանը: Բարեկենդանն իր մեջ կրում է քաղցր կյանք, բարի կամքի խորհուրդը:
Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դ.Թումանյանն ու ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ա.Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատակից Լիլիթ Բաբայանը:
Բարեկենդանին նվիրված տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով և Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանի օրհնության խոսքով: Ներկաներին ողջունեցին և տոնի կապակցությամբ շնորհավորեցին նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դ.Թումանյանն ու ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ա.Հովհաննիսյանը:
Ամենուր տոնական տրամադրություն էր` զուգորդված ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով, զուռնա-դհոլով, խաղերով:
Իրենց կատարումներով հանդես եկան «Սեբաստիա» մշակութային կենտրոնի, Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի, Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի, «Վալենս» պարային համույթի սաները: Կազմակերպվել էր նաև բարեկենդանյան, ազգային ուտեստների հյուրասիրություն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին