Փետրվարի 21-ին Նուբարաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում մեծ տոնախմբություն էր: Ներկաները զանազան խաղերով, երգերով և պարերով տոնում էին Բուն Բարեկենդանը:
Միջոցառմանը ներկա էին Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պատասխանատու Գոհարիկ Ոսկանյանը:
Տոնը մեկնարկեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնության խոսքով, ապա ներկաները միասնաբար աղոթեցին: Սկսվեց տոնական երթը, որին մասնակցում էին վարչական շրջանի բնակիչներ, 175, 95 միջնակարգ դպրոցների սաներ, 125 և ¦Արևամանուկ§ մանկապարտեզների սաներ, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաներ: Երթը ընթանում էր Վ.Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների խմբի ուղեկցությամբ:
Հասնելով եկեղեցու բակ՝ սկսվեց դպրոցականների մասնակցությամբ բեմականացում՝ ¦Բարեկենդանը§ վերնագրով: Մանկապարտեզների սաները ցույց տվեցին լավաշ թխելու ծեսը և ներկաներին հյուրասիրեցին իրենց ձեռքերով պատրաստած լավաշը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բեմականացված ժողովրդական պարային համարներ, իսկ ավարտին ներկայացավ ¦Նուբար§ պարային խումբը:
Պատրաստվել էր նաև տոնական, բարեկենդանյան ուտեսների ցուցադրություն-հյուրասիրություն:
Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին՝ մեկնարկելով առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից, շարունակվելով տոնական երթով և մեծ տոնախմբությամբ՝ Ազատության հրապարակում: Մինչ այդ միջոցառումները կշարունակվեն՝ ընդգրկելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին