Փետրվարի 21-ին Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բարեկենդանյան տոնախմբություն՝ վարչական շրջանի դպրոցականների, պատանիների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Էրեբունի վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
Միջոցառումը մեկնարկեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանի օրհնության խոսքով: Ցուցադրվեց բեմականացում, որը հատուկ բեմադրվել էր Բարեկենդանի տոնի կապակցությամբ: Ներկայացվեցին բարեկենդանյան մոռացված խաղեր ու ավանդույթներ: Կատարվեց նաև հյուրասիրություն, հնչեցին ավանդական երգեր, որոնց ներքո հավաքվածները պարեցին ազգային պարեր: ¦Տարոնցիներ§ ազգագրական երգի-պարի համույթի ելույթները լրացնում էին կազմակերպված միջոցառումը՝ հաղորդելով բարձր տրամադրություն:
Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին՝ մեկնարկելով առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից, շարունակվելով տոնական երթով և մեծ տոնախմբությամբ՝ Ազատության հրապարակում: Մինչ այդ մեկ շաբաթ շարունակ կազմակերպվեցին միջոցառումներ՝ ընդգրկելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները: Էրեբունի համայնքը այս շարքում վերջինն էր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին