Փետրվարի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առանջորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7-րդ ցուցահանդես-մրցույթի հաղթողներին: Մրցույթը կազմակերպել էին Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Սահմանվել էր չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, յուրաքանչյուր անվանակարգում՝ երեքական մրցանակ: Մասնակցում էին մինչև 35 տարեկան նկարիչներ Հայաստանից ու արտերկրից:
Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին` Նավասարդ Սրբազանը շնորհավորեց և իր օրհնությունը բերեց ցուցահանդեսի մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ներշչանքներ և ստեղծագործական նոր հաջողություններ։ Հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանն իր երախտագիտությունը հայտնեց Նավասարդ Սրբազանին ու Արարատյան Հայրապետական թեմին՝ երիտասարդ նկարիչներին աջակցելու համար՝ նկատելով, որ այս մրցույթը ռեյտինգային է, ինչը մեծ կարևորություն ունի երիտասարդ նկարիչների համար:
Այս տարի հաղթող էին ճանաչվել Ժորա Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գայ Ղազանչյանը, Սիրարփի Միրզոյանը։ Միսակ Հարթենյանը, Տաթև Նալբանդյանը, Լևոն Պողոսյանը և Զարուհի Թովմասյանն արժանացան երկրորդ, իսկ Սեդա Առաքելյանը, Մոնիկա Ավետիսյանը, Հայկ Ղազարյանը և Վալյա Բաբաջանյանը երրորդ մրցանակի։
Առաջին տեղը զբաղեցրած արվեստագետները պատվոգրերից բացի Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան նաև դրամական պարգևների։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին