Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նշվեց Բուն Բարեկենդանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նշվեց Բուն Բարեկենդանը

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նշվեց Բուն Բարեկենդանը

Բարեկենդանի տոնի առթիվ այսօր Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում կազմակերպվել էր միջոցառում՝ «Հայ ասպետ» դպրոցի սաների կողմից:

 

Միջոցառման սկզբում Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Տեր հայրը բացատրեց և մեկնաբանեց նաև Բուն Բարեկենդանի խորհուրդը:

 

Սկսվեց միջոցառումը, որի ընթացքում երեխաները նախ ներկայացրին Բարեկենդանի խորհուրդը, ապա շարունակեցին միջոցառումը՝ տոնական երգ ու պարով: Ազգային երգերը, որ կատարում էին աշակերտները, հիմնականում տոնի մասին էին:

 

«Հայ Ասպետ» ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք արդեն 10 տարի է՝ Բարեկենդանը  նշում ենք մեծ շուքով և երեխաներին սովորեցնում ենք մեր այս մոռացված տոները, որպեսզի իրենք ավելի լավ ճանաչեն իրենց ազգայինը: Մենք տոնի և՛ նախնական իմաստն ենք  բացատրել, և՛ քրիստոնեական վերակենդանացած իմաստը: Ըստ Գարեգին Նժդեհի՝ չկա ավելի լավ տարբերակ միավորելու որևէ ժողովրդի, քան ազգային տոներն ու ծեսերը: Երեխաները սիրում են այն ամենը ինչի մեջ կա խենթություն, մի քիչ գույն, տրամադրություն: Մենք երեխանների հետ դասեր ենք անցկացրել, բացատրել ենք տոնի խորհուրդը և ցույց տվել, որ այն կենդանության տոն է»:

 

Միջոցառման ավարտին կարճ ժամանակով փակելով Աբովյան փողոցը՝ երեխաներն անցորդներին նվիրեցին յուղ ու բրինձ, ինչպես դա անում են համանուն հեքիաթում: Փաթեթներում դրված մեղրը, ինչպես տիկին Տոնոյանն է մեկնաբանում, նրա համար է, որ այն համտեսողները միայն քաղցր խոսքեր ասեն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-23
×