Չորս սերնդի պահանջը

Չորս սերնդի պահանջը

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով:
Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Ծրագրի շնորհանդեսը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:


Խոսելով թեմի երիտասարդական կառույցների՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մասին՝ Տեր հայրը ներկայացրեց «Չորս» անունը կրող նախագիծը: Անդրադարձավ երիտասարդների աշխատանքին և Հայոց Ցեղասպանությանը՝ մասնավորապես ասելով. «Սիրելի երիտասարդնե՛ր, ձեր տքնաջան և ազգանվեր նախաձեռնությամբ է, որ յուրաքանչյուր ամսվա 24-ին կազմակերպվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրով մեր տասներորդ հանդիպումն է սա, որին նախորդած ինը ամիսների գտածը, ինքնաքննման, ինքնահաստատման, ազգային արժեքների ամրագրման լեցուն օրերն առավել բովանդակ դարձրին մեր էությունն ու ազգային նկարագիրը: Վստահաբար գիտենք, որ մեր ուժը հայության ամբողջականության և միասնության մեջ է: Ուստի, կենդանի նահատակությամբ և արարելով արժևորենք այն հերոսությունը, որ մեր նահատակներն իրենց մահով և արյան գնով կտակեցին մեզ: Մեր անձերից վեր թող լինեն Հայրենիքն ու Մայր Եկեղեցին: Հայ ժողովրդի արդար դատը պաշպանելու համար զորացնե՛նք մեր երկիրը: Ազգովի նորոգվենք ու հզորանանք: Ողջ աշխարհին միասնաբար ճանաչել տանք Հայոց Ցեղասպանությունը: Մեր պայքարն արդար է և օրհնյալ: Զորանանք հոգով, ապագային նայենք պայծառ հայացքով և չարի դեմ պատերազմից դուրս գանք հաղթանակած: Սա՛ թող լինի մեր երախտիքի առհավատչյան՝ սուրբ նահատակների անմար հիշատակին»:


Միջոցառման ընթացքում առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանն ընթերցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Թեմի երիտասարդաց միության ատենապետ Վահան Մարդյանն ու Ազգային առաջնորդության ինստիտուտի ֆիլմերի պատասխանատու Նինա Խաչատրյանը խոսեցին նախաձեռնության գաղափարի և այդ գաղափարի շուրջ բոլորին ներգրավվելու հնարավորության մասին:


Այս նախագծի շրջանակներում նկարահանվել են հոլովակներ, որոնց միջոցով ներկայացվում են հայ ժողովրդի 4 սերնդի՝ պատանու, երիտասարդի, հասուն և ծեր մարդու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Այդ հոլովակները սիկզբ են տալու մի շարժման, որին միացողները ցանկացած տեսանկարահանող սարքով (տեսախցիկներ, հեռախոսներ և այլն), պետք է նկարահանեն մինչև մեկ րոպե տևողությամբ իրենց պահանջը և այն տարածեն սոցցանցերում, նշումով (tag) առաջարկեն իրենց ընկերներին միանալ ծրագրին՝ նման հոլովակներ ստեղծելով: Ի դեպ՝ հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով ու առաջարկներ ուղարկվել օտարազգի ընկերներին ու ծանոթներին:


Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նախնական նկարահանված 4 սերունդների ներկայացուցիչների հոլովակները, որից հետո հոլովակների հերոսները խոսեցին իրենց տպավորությունների մասին, կոչ արեցին բոլորին միանալ այս կարևոր շարժմանը: Միջոցառման ավարտին բազմաթիվ մասնակիցներ իրենց պահանջները տեսագրեցին:
4 սերունդը հավիտենության խորհուրդն է: Նախագծով երիտասարդները նպատակ ունեն աշխարհի 4 կողմում տարվա 4 եղանակին բարձրաձայնել 4 սերնդի 4 հիմնական պահանջը՝ հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել: Հոլովակների միջոցով հայերը պիտի աշխարհին հիշեցնեն, որ պայքարը չի դադարելու մինչև պահաջին համապատասխան լուծում չգտնվի:


Ծրագիրը նպատակ ունի առավել շատ ու անընդհատ հնչեցնել «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» կարգախոսը:
Այս և բոլոր հոլովակները հասանելի են #4demand ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/4demand:
Սա Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 10-րդ միջոցառումն է:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×