Այսօր՝ մարտի 6-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարադ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում հյուրընկալվել էին «ՄԱՅՖՈՏՈՏՈՒՐ-ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ընկերության Զբոսավարների պատրաստման կենտրոնի գիդ-զբոսավարների պատրաստման դասընթացի մասնակիցները: Նրանց հետ հանդիպում-սեմինար անցկացրեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Սեմինարի թեման էր՝ «Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունները քրիստոնյա աշխարհում»:
Ջերմ մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Տեր հայրը խոսեց Հայ Առաքելական Եկեղեցու պատմության, խորհուրդների և քրիստոնեական հավատի մասին: Մասնակիցները հնարավորություն ունեցան հոգևորականին ուղղել իրենց հետաքրքրող, հուզող հարցերը:
Մասնակիցները նաև քննարկեցին, թե ինչպես զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի Հայ Առաքելական եկեղեցին: Այս մասին իր խոսքում Տեր հայրը նշեց. «Եկեղեցուն չպետք է վերաբերվենք որպես պատմամշակութային կոթողի միայն, քանի որ մեզ համար այն ավելին է, քան ճարտարապետական կամ մշակութային կառույցը: Եկեղեցին Աստծո տունն է, և մեր օրինակով զբոսաշրջիկներին փորձենք ցույց տալ մարդու և Աստծո հանդիպումը, որքան էլ մարդկանց հետաքրքրի այս կամ այն եկեղեցու պատմությունը: Մեր եկեղեցիներում ամեն մի քարը մի աղոթք է, իր պատմությունն ունի, և կարևոր է, որ ամեն անգամ՝ եկեղեցի մտնելիս միանանք այդ աղոթներին՝ փորձելով հենց այդ աղոթքը մատուցել զբոսաշրջիկներին»:
Հանդիպումների շարքը շարունակական է, թեպետ առաջին անգամ՝ լսարանից դուրս: Հանդիպման ավարտին «ՄԱՅՖՈՏՈՏՈՒՐ- ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ընկերության հիմնադիր-տնօրեն Անահիտ Կարապետյանը Տեր Եսայի քահանա Արթենյանին հանձնեց շնորհակալագիր՝ ընկերության կողմից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին