Ծաղկազարդի առթիվ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս․ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ծաղկազարդի առթիվ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս․ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Ծաղկազարդի առթիվ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս․ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը: Այդ առթիվ այսօր  բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում այն մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը Տ․ Շահե քահանա Հայրապետյանն էր։ Հաշվի առնելով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը՝ Ս․ Պատարագը մատուցվեց դռնփակ՝ միայն հոգևորականաց դասի ու երգչախմբի մասնակցությամբ։ Հընթացս Ս․ Պատարագի, Տեր Շահեն իր քարոզում ներկայացրեց Ծաղկազարդի պատմությունը և խորհուրդը։  

 

Ս․ Պատարագը ուղիղ միացմամբ հեռարձակվում էր սոցիալական ցանցերում և հեռուստատեսությամբ։

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ցավոք, այսօր եկեղեցիներում մանուկներ չեն կարող հավաքվել, բայց բոլոր եկեղեցիներում նրանց համար աղոթք է բարձրացվում, որ Տերն օրհնի ու առողջություն պարգևի ամենքին։

 

Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց նաև  Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

 

Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց։

 

Ծաղկազարդի տոնի երեկոյան ժամերգության ավարտին ամեն տարի կատարվում է Դռնբացեքի կարգ: Այն խորհրդանշում է երկնքի արքայության դռների բացվելը և խորհրդավոր նախամուտքը` Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթ:


Վաղվանից՝ ապրիլի 6-ից, սկսվում է Տիրոջ երկրային կյանքի վերջին ու գլխավոր շաբաթը։ Այն հարուստ է բազմաթիվ արարողություններով։ Հենց այս շաբաթվա ընթացքում էր, որ Քրիստոս հաստատեց կարևորագույն՝ Հաղորդության խորհուրդը, մատնվեց ու խաչվեց` հանուն մարդկության փրկության, ու Հարություն առավ՝ հաղթելով մահվանը, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-04-05
×