Ապրիլի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ Հինգշաբթին: Այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է` ողջ տարվա ընթացքում: Չնայած դրան` այսօրվա բոլոր արարողությունները ևս կատարվել են դռնփակ, և հավատավոր ժողովուրդը դրանց հետևել է առցանց հեռարձակումներով` Հայաստանում ու աշխարհում տիրող իրավիճակից ելնելով:
Այսօր` առավոտյան ժամերգության ավարտին, եկեղեցիներում կատարվել է Ապաշխարության կարգ, ապա մատուցվել է Ս․ Պատարագ։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում այն մատուցվել է եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանի ձեռամբ։
Երեկոյան Տ․ Պետրոսը կատարել է նաև Ոտնլվայի արարողություն՝ լվանալով եկեղեցու սպասավոր սարկավագների ու դպիրների ոտքերը, ինչպես ավետարանական պատումի մեջ Քրիստոս լվանում է Իր աշակերտների ոտքերը՝ ի նշան խոնարհության ու ծառայասիրության։ Արարողության ավարտին կատարվել է Յուղի օրհնություն։
Ավագ Հինգշաբթի Յուղի օրհնության կարգը կատարվում է` համաձայն ավետարանական այն դրվագի, երբ Քրիստոս հյուրընկալվել էր բորոտ Սիմոնին, որտեղ Ղազարոսի քույր Մարիամը ազնիվ յուղով օծեց Քրիստոսին:
Երեկոյան եկեղեցիներում դռնփակ է անցկացվել նաև Խավարման կարգն՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում արարողությունը հանդիսապետել է թեմի առաջնորդական փոխանորդ Գերանորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Արարողության ընթացքում Ս. Խորանին դրված 13 մոմերն ընթերցումներին զուգահեռ մարվում են: Վերջում վառված է մնում միայն Քրիստոսին խորհրդանշող մեծ մոմը։ Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական տոնացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: