Հարության Ավետիսը տրվեց առցանց

Հարության Ավետիսը տրվեց առցանց

Ապրիլի 11-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր:

 

Դռնփակ անցկացվող Ս․ Պատարագին ներկա էին միայն եկեղեցու սպասավորներն ու երգչախումբը։ Հավատավոր ժողովուրդը Ս․ Պատարագին հետևելու հնարավորություն ուներ ԹեմTV/TemTV-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով։ 

 

Ընթացս Ս․ Պատարագի պատարագիչ Տեր Եսային քահանա Արթենյանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի զատկական շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին։ Շնորհավորանքում մասնավորաբար ասվում է․

 

 «Սիրելի՛ Սրբազան,

 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ Միածնաէջ Մայր Աթոռից Հայրապետական Մեր օրհնությունը և շնորհավորանքն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ թեմական ու ծխական վարչությանց մեծահարգ անդամներին, ուխտապահ եկեղեցականաց դասին ու հավատավոր բարեպաշտ Մեր զավակներին։

 

Այսօր վերստին ունկնդիր ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսին և հոգեզվարթ շարականերգությամբ օրհնաբանում ենք հարուցյալ  Աստվածորդուն՝ ասելով․ «Փառք ի սքանչելի Յարության քո, Տէր»։

 

Համաշխարհային տագնապալի այս օրերին, երբ կոռոնավիրուսի համավարակի հետևանքով փոթորկված են մարդկանց հոգիները, առանձնակի գետեպնդում ու մխիթարություն է բերում Քրիստոսի Հարության ավետիսը, և սրտագին սպասումով ու անձկությամբ են քրիստոնյաների հայացքներն ուղղված առ հարուցյալ Տերը։ Մահվանը հաղթած Տիրոջն ենք ապավինում ամենքս, առավել ևս անհաղթահարելի թվացող հիվանդությունների, աղետների ու արհավիրքների մեջ։

 

Սուրբ Հարության հաստատուն վեմն է քրիստոենական հավատքի և ամրակուռ խարիսխը Եկեղեցու։ Տերը, ինչպես բժշկություն ու հարություն պարգևեց Իրեն հավատացողներին, նույնպես ամենառատ Իր ողորմությամբ զորություն ու ամրություն պիտի շնորհի համայն մարդկությանը և մեր ժողովրդի զավակներին՝ հաղթահարելու  փորձություններին ու տագնապները։

 

Սիրելի՛ Սրբազան, Մեր հորդորն է, որ այս դժվարին ժամանակներում տերունապատվեր Ձեր սպասավորությամբ, Ձեզ աջակից եկեղեցականաց դասի հետ հույսի, հավատի ու սիրո մեջ զորացնեք հավատավոր Մեր զավակներին, քաջալերեք ու մխիթարեք հանդիման նորօրյա փորձությունների, և հոգատարեք ու գետեպնդեք հիվանդներին, կարիքավորներին, մասնավորապես՝ տարեցներին, ովքեր առավել խոցելի են աշխարհը պատուհասած համավարակի առջև։

 

Հայրաբար հորդորում են ք նաև հավատավոր Մեր զավակներին, որ ամուր մնան լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնեն աղոթքը իրենց ամենօրյա կյանքում, և ներկա բարդ պայմաններում ապրեն ու գործեն խոհեմությամբ՝ միշտ ապավնիած հարուցյալ մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին՝ դրսևորելով միմյանց հանդեպ սեր ու հոգատարություն։

 

Հայցում ենք, որ Փրկիչ մեր Տիրոջ շնորհով առավել  արդյունավորվի Ձեր, թեմից ուխտապահ հոգևոր դասի, թեմական-համայնքային վարչությանց պատվարժան անդամների գովարժան առաքելությունը՝ ի պայծառություն տիրախնամ թեմիդ և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

 

Ի խորոց սրտի՝ Մեր աղոթքն է, որ հարուցյալ տերը անսասան պահի Հայաստան և Արցախ մերՀայրենիքը, ամրապնդի խաղաղությունը հայրենյաց սահմաններում և զորացնի բարեպաշտ Մեր զավակներին հույսի ու հավատի մեջ միասնական ջանքերով հաղթահարելու հառնած մարտահրավերներն ու դժվարությունները և կերտելու հայոց լուսավոր ապագան։

 

«Եվ այս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ․ 5։4)

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

Սիրո ղջունիվ և օրհնությամբ՝ Գարեգին Բ Կաթողիկոս ամենայն հայոց»։

 

Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» :

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-04-11
×