Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տաղավար տոներին հաջորդող օրը նվիրում է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին։ Այսօր՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոցը։
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես մատուցվեց Ս․ Հարության մեռելոց Ս․ Պատարագ։ Պատարագիչը Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն էր։
Սուրբ Պատարագը, ելնելով ստեղծված իրավիճակից, մատուցվեց դռնփակ, սակայն հավատավոր ժողովուրդը Ս․ Պատարագին հնարավորություն ուներ հետևելու առցանց՝ ԹեմTV/TemTV-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հավարտ Ս. Պատարագի՝ կատարվեց նաև Հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում հիշատակվեցին ննջեցյալների անունները։ Նախորդ օրերի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի «Qahana.am» ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել, համաձայն որի, այն մարդիկ, ովքեր ցանկանում էին, որ իրենց ննջեցյալների անունները հիշատակվեին Մեռելոց Ս. Պատարագի ընթացքում, կարող էին ուղարկել դրանք՝ սոցցանցի միջոցով:
Հավաքվել էր մեծ ցուցակ, որն ամբողջապես ընթերցվեց Հոգեհանգստյան կարգի ընթացքում՝ հայցելով Աստծուց հանգստություն՝ ննջեցյալների հոգիների համար։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին