Փորձենք լինել նրա հետևորդը

Փորձենք լինել նրա հետևորդը

Շատերն են այս օրերին տեսել և հիացել մեր Տեր Հիսուս Քրիստոսի թափուր գերեզմանով` կառուցված ԱՀԹ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում: Սա հրաշալի մի գաղափար էր, տեսակով եզակի, որն իրականություն դարձավ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի և մի խումբ հավատացյալ-ստեղծագործների ջանքերի շնորհիվ։

 

Ճրագալույցի Սուրբ Պատարագից անմիջապես հետո գերեզմանի քարը գլորվել է, և մենք տեսնում ենք երկու հրեշտակներին`գերեզմանի ներսում, ովքեր տալիս են Տիրոջ Հարության ավետիսը «Չէ աստ, այլ յարեաւ»: Գերեզմանի դիմաց կանգնած են յուղաբեր կանայք, ովքեր եկան Տիրոջ մարմինը յուղերով օծելու, և տեսան, որ ժայռափոր գերեզմանը դատարկ է։ Գերեզմանի ժայռատիպ պատերի, տանիքի և բնական աղետներից այն անսասան դարձնելու աշխատանքներն իրականացրել են Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Նարեկ դպիր Եղիազարյանը, Գոռ դպիր Հակոբյանը, Արևիկ Առաքելյանը, Հրանտ Գիշյանը և Արթուր Գրիգորյանը։ Շնորհիվ Հայկ Հարությունյանի, Մանե Խաչատրյանի, Նարինե Պիվազյանի և Մարիամ Պիվազյանի, ծնունդ առան յուղաբեր կանանց կերպարները` գրիմ, կեցվածք, հագուստ, զարդեր։

 

Այս ջերմեռանդությամբ, սիրով ու հավատով պատրաստված գերեզմանը թող լինի ամենօրյա քարոզ ամենքիս համար, որ մշտապես տեսնելով այն թափուր, մեր սրտերում էլ Հարություն տանք Քրիստոսին ու մշտապես ընթանանք Իր բարի կամքի ճանապարհով։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-04-14
×