Մի քանի օր էր, ինչ Տավուշի սահմաններից տագնապալի լուրեր էինք ստանում, ու կրկին մեկ միասնականություն դարձած՝ ամեն ոք իր ուժերի ներածին չափով փորձում է օգնության հասնել մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորին։
Այս ամենից անմասն չի մնում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ մշտապես եղել է զինվորի կողքին և իր օգնությունն ու զորակցությունը հայտնել նրան։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբՎերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը և Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը այս օրերին եղել են սահմանում, տեղում ծանոթացել իրավիճակին, և իրենց օգնությունը հասցրել զինվորներին։
Դեպի Տավուշ այցը տեղի ունեցավ մի խումբ ազնիվ ու բարերար մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց աջակցությունն էին ցուցաբերել եկեղեցուն։ Հավաքագրված ողջ գումարով գնված առաջին անհրաժեշտության իրերը, սննդամթերքը և ծխախոտը հոգևորականները հասցրին մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին։
Հոգևորականներն առաջին հերթին այցելեցին սահմանապահ գյուղերի բնակիչներին, ծանոթացան գյուղերում տիրող իրավիճակին՝ իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը փոխանցելով նրանց։ Այնուհետև Քրիստոսի Խաչափայտի մասունքը ձեռքներին՝ բարձրացան դիրքեր՝ զինվորների օրհնության կարգ կատարելու։
Նշենք, որ մեր հոգևորականները այսօր ևս այցելել են սահման, այս անգամ տանելով՝ գլխին ամրացվող հատուկ լապտերներ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին