Քրիստոնեական գիտելիքներով հարստանալը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, քանզի հավատքի մեջ ամրանալը մեր փրկության գրավականն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի «Աստվածաշունչ համայնքներին» նախաձեռնությունը նպատակ ունի մարդկանց հասցնելու Աստծո խոսքը։ Եվ այս օրերին Արարատյան Հայրապետական թեմում կյանքի է կոչվում հիշյալ ծրագիրը, որի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի` Արարատյան Հայրապետական թեմին տրամադրած 650 Աստվածաշունչ մատյանները հասնում են իրենց հասցեատերերին:
Արդեն մեկնարկել է ծրագիրը, որի ընթացքում, համայնքների հոգևոր հովիվների առաջնորդությամբ, Աստվածաշունչ մատյաններ են բաժանվել և շարունակում են բաժանվել նոր կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող Երևան քաղաքի մի քանի բուժհաստատություների` Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, «Սուրբ Աստվածածին» ծննդատան, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Արարատի մարզի բժիշկներին ու բուժաշխատողներին:
Աստվածաշունչ մատյաններ են տրամադրվել նաև Արարատի հոգևոր տեսչությանը` հավատավոր ժողովրդին բաշխելու նպատակով: Տրամադրված Սուրբ Գրքերն այս օրերին բաժանվում են նաև Երևանի երկու համայնքներում` Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում և Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին