Ամփոփվեց լրագրողական մրցույթը

Ամփոփվեց լրագրողական մրցույթը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեց լրագրողական աշխատանքների մրցույթը, որ հայտարարվել էր երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի կողմից: Մրցույթն անցկացվել էր դեռ փետրվարին, սակայն մրցանակաբաշխությունը հետաձգվել էր՝  համավարակի պատճառով: Մրցույթի նպատակն էր ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի հնարավորություններն օգտագործելով՝ սիրո թեմայով լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումը: Սահմանված էին չորս անվանակարգեր՝ «Լավագույն  հեռուստանյութ», «Լավագույն ռադիոնյութ»,  «Լավագույն տպագիր հոդված», «Լավագույն առցանց հրապարակում»:

 

Մրցանակաբաշխությունը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը սկսեց Տերունական աղոթքով: Տեր հայրը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, նրանց փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

 

 «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմենակ Դավթյանի «Եվ երդվեց՝ իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա… ու հանուն իր առաջնեկի՝ ամեն ինչ կանի, որ էլ բանտ չվերադառնա» աշխատանքը: Նշենք, որ Արմենակ Դավթյանն այս պահին գտնվում է կալանավայրում, և մրցանակը նրան փոխանցելու համար ներկայացավ «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատուն: 

 

«Լավագույն հեռուստանյութ» անվանակարգում մրցանակ ստացավ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում «Որքանո՞վ է բանակն ու սերը համատեղելի» տեսանյութի հեղինակ Լիլիթ Խաչատրյանը: 

 

«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում մրցանակը տրվեց «Իմ ռադիոյի» եթերում «Իմ օրը» հաղորդաշարի «Սիրո ուժն է անհաղթ» թողարկման հեղինակներ Սևակ Հակոբյանին և Սյուզի Լևոնյանին: Նրանք մի ողջ թողարկում նվիրել էին Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած միջոցառումներին՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ:

 

Իսկ «Լավագույն առցանց հրապարակում» անվանակարգում մրցանակ ստացավ Քնարիկ Մարտիրոսյանը՝ «Sputnik Armenia» -ում հրապարակած «Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը» նյութով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2020-08-11
×