Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Նազենի Հովհաննիսյանի հեղինակային՝ «Հավատքի ուժը» ֆիլմաշարի երրորդ մասի փակ դիտումը։ Այն ամբողջությամբ նվիրված էր Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքին։ Հավաքվել էին ֆիլմի հերոսները, որոնք պատմում էին հավատքի՝ իրենց ճանապարհի մասին։ Ֆիլմաշարը նկարահանվում է «Աստվածամոր տուն» հիմնադրամի աջակցությամբ։ «Հավատքի ուժ»- ի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը՝ Սոֆի Մխեյանը։ «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն ու Արարատյան Հայևապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը խմբագիրներն են։
-Երբ նայում էի «Հավատքի ուժի» առաջին երկու ֆիլմերը, որտեղ խոսվում էին տարբեր դժվարություններ, հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, երազում էի, որ մի օր էլ մեր՝ խուլերիս մասին ֆիլմ ստեղծվի, - ֆիլմի ավարտին ասաց Գևորգ Պողոսյանը։
-Առաջին անգամ է, որ ես լսողների հետ ինձ լիովին ինտեգրված զգացի։ Չզգացի սահմանը, որ բաժանում է մեզ։ Մենք իրենց էինք հասկանում, նրանք՝ մեզ։ Պետք է ամեն ինչ անել, որ հավասար լինենք բոլորս,- ֆիլմից իր տպավորությունների մասին ասաց Ժորժ Լալայանը։
-Խնդրում եմ՝ ուշադիր լսեք, թե ինչ է ասում մեր Ժորժը։ 15 տարեկան այս պատանին կյանքում առաջին անգամ կարողացել է իրեն հավասարի պես զգալ լսողների միջավայրում,- հուզված բացատրում է ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը։ - Իսկապես գեղեցիկ ու հուզիչ ֆիլմ է ստացվել։ Երեխաների ասածները լսել էի, թարգմանել, բայց հիմա, նորից լսելով, կրկին հուզվեցի։ Իսկապես շատ ուրիշ են խուլերը․․․ Շնորհակալ ենք նկարահանող ողջ թիմին, աջակցող «Աստվածամոր տուն» հիմնադրամին այս կարևոր աշխատանքի համար։
«Հավատքի ուժը» ֆիլմաշարը Նազենի Հովհաննիսյանը նախաձեռնել է՝ գտնելու մեր Եկեղեցու այն զորությունը, որ դարերի ընթացքում ապրեցրել է հայ մարդուն, փնտրելու մարդկանց, ովքեր 21-րդ դարում իրենց կյանքով վկայում են Աստծուն ու Նրա անսահման սերը մարդու հանդեպ։
-Կա հատուկ ստեղծված կարծրատիպ, որ որքան դու մոտ ես Եկեղեցուն, որքան դու հավատում ես, այդքան դու (չակերտավոր եմ ասում) հետամնաց ես, կամ խավարամիտ ես, կամ, կամ, կամ․․․ Մենք, իհարկե, ամեն վայրկյան տեսնում ենք լրիվ այլ պատկեր։ Հենց այսօրն էլ դրա վկայությունն է։ Եվ, առհասարակ, ես կարծում եմ, որ հավատավոր մարդը տեղով մեկ լույսով լցված է։ Եվ Առաքելական Եկեղեցին դպրոցն է, նավն է, որը մեզ տանում է դպրության մշակույթով։ Բայց, այ, ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել, դրա դեմն առնել, դրան չտալ ընթացք,- ֆիլմում ասում է Նազենի Հովհաննիսյանը։
-Շատ հաճախ այդ մեղադրանքը հնչում է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են իրենց թվացյալ առավելությունը ցույց տալ, կամ իրենց ներքին չարությունն արդարացնել՝ թե՛ Եկեղեցու հանդեպ, թե՛ Աստծու հանդեպ, թե՛, առհասարակ, կյանքի հանդեպ,- պատասխանում է խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը։
-Տեր Եսային եկավ դպրոց, քարոզում էր, խոսում էինք Աստծո մասին։ Մենք հարցեր էինք տալիս, լսում էինք պատասխաններ ու մեզ համար այդ ամենը շատ հետաքրքիր էր։ Սա երևի առաջին քայլն էր՝ Աստծո հետ մերձենալու։ Դա ինձ շատ էր պետք։ Բոլորիս էր պետք։ Սա ճանապարհ էր, որ պետք է անցնեինք։ Ինձ համար շատ կարևոր է, որ Տեր Եսային տիրապետում է ժեստերի լեզվին։ Մեր շփման մեջ ես չեմ փնտրում թարգմանիչ։ Եվ ես կարող եմ դիմել նրան և ստանալ պատասխաններ։ Իմ կյանքը լուսավոր է և ճանապարհ է դեպի Աստված,- պատմում է Գրետա Ավագյանը, ով երազում է սուրդոմանկավարժ դառնալ՝ խուլերին օգնելու համար։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի առաջարկով ու տնօրինությամբ մի քանի տարի առաջ Տեր Եսային ստանձնել է խուլերի համայնքի հոգևոր հովվությունը, սովորել ժեստերի լեզուն, որ կարողանա ազատորեն շփվել նրանց հետ։ Հետո սկսել են թարգմանել աղոթքները, Պատարագը, ստեղծել են հոգևոր ժեստերի բառարան։
Խուլերը բազմաթիվ խնդիրներ ունեն՝ կրթություն ստանալու, մասնագիտություն ընտրելու, աշխատանք գտնելու․․․ Ու այդ բարդություններից ամենամեծը թարգմանչի հարցն է։ Ժեստերին տիրապետողները քիչ են։ Բայց դրանք նրանց չեն չարացնում։ Նրանք բաց են ընդունելու բոլորին, ովքեր կցանկանան մտնել իրենց աշխարհը։ Խուլ երեխա ունեցող ծնողների համար թարգմանիչները մեծ դեր ունեն։ Հատկապես՝ Զուբեյդան, ով կարողանում է օգնել ծնողին՝ կապվել սեփական երեխայի հետ, հասկանալ նրան։
«Խուլ երեխա ունենալը ծնողի համար բարդ է։ Հաղորդակցության խնդիր կա։ Ծնողի համար դժվար է ադապտացվել։ Իսկ Զուբեյդան մեր լեզվով է խոսում։ Եվ մենք նրան ընդունել ենք որպես մեր երկրորդ մայր»- բացատրում է Գրետան, ով սեփական փորձով գիտի դժվարությունների մասին։ Շատ խուլերի նման՝ իր համար էլ Զուբեյդան երկրորդ մայր է, կապ աշխարհի ու Աստծո հետ։
Ֆիլմում, սակայն, խուլերը խոսում են ոչ թե իրենց կյանքի դժվարությունների, այլ Աստծուն գտնելու երջանկության մասին, լսողներից ավելի լավ լսելու իրենց շնորհի մասին։
-Ես կարծում եմ, որ նաև մեր իրապատումի հերոսները բերում են մի գեղեցիկ օրինակ, շատ գեղեցիկ օրինակ, որ հավատքը փոխում է ոչ թե միայն իրենց, իրենց ներսում, այլև իրենցով՝ իրենց միջավայրը, - ասում է Նազենի Հովհաննիսյանը։
«Հավատքի ուժը» Ֆիլմաշարն ունենալու է 7 ֆիլմ, որոնք պատմելու են հավատքով իրենց ներսում փոփոխություն ապրած ու միջավայրը փոխած մարդկանց մասին։ Մարդկանց, ովքեր կարողացել են հավատքով հաղթահարել դժվարությունները և դեպի լույսը քայլելով՝ իրենց կյանքում գտնել, վերագտնել ու մտերմանալ Աստծո հետ։ Ֆիլմերն արդեն մեծ ընդունելություն ունեն։
-Առաջին երկու ֆիլմերն, իսկապես, մեծ ազդեցություն են ունեցել մեր իրականության վրա։ Չկա օր, որ երկու-երեք մարդ չգա եկեղեցի՝ ասելով, որ հաղորդումը նայելով են եկել, - պատմեց Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով հոգևոր կյանքի առանձնահատկությունների, դժվարությունները հաղթահարելու մասին խոսել է առաջին ֆիլմերում։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին