Հոգատարությունը կարող է փոխել աշխարհը

Հոգատարությունը կարող է փոխել աշխարհը

Մեր բոլոորիս ուժերը մշտապես պետք է կենտրոնացած լինեն կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու և մեր հոգատարությունը նրանց փոխանցելու ուղղությամբ։  Հատկապես այս համավարակի օրերին, երբ բնակչության մի մասը զրկվել է աշխատանքից, և ընտանիքների կարիքները հոգալու խնդիր կա, մեր բոլորիս ուժերը պետք է կրկնապատկվեն, որպեսզի խոցելի վիճակում հայտնված այս մարդիկ կարողանան  դիմակայել և դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից։

 

Հերթական անգամ, Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը բարեգործական այց կատարեց՝ այս անգամ Լոռու մարզի  Հարթագյուղ  և Ծաղկաբեր գյուղեր։ 

 

Այցի ընթացքում ավելի քան 25 ընտանիքների (15 ընտանիք Հարթագյուղից, 10 ընտանիք Ծաղկաբերից), ովքեր գտնվում էին  ծայրահեղ ծանր սոցիալական կացության մեջ, տրամադրվեցին հագուստ, սննդամթերք, օրհնված խաչեր և աղոթագրքեր։

 

Հիշեցնենք, որ թեմում իրականացվող  սոցիալական ծրագրերի միջոցով  այս ամիսներին հնարավոր է եղել աջակցություն տրամադրել հազարավոր ընտանիքների՝ ոչ միայն Երևան քաղաքում, այլև մարզերում բնակվող։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2020-09-09
×