Սուրբ Գևորգ զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում
Սուրբ Գևորգ զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում
Այս տարի սեպտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի տոնը:
Ամեն տարի այս օրը Արարատյան Հայրապետական թեմում նշվում է մեծ շուքով, սակայն այս տարի՝ համավարակի թելադրած պայմաններից ելնելով՝ տոնը նշվեց ավելի համեստ պայմաններում։
Տոնի առթիվ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատի մարզ բերվեց Սուրբ Գևորգ զորավարի մասունքը։ Վաղ առավոտից հավատացյալները հնարավորություն ունեին Արարատի մարզի Մասիս, Մարմարաշեն և Կանաչուտ համայնքների Սուրբ Գևորգ եկեղեցիներում հաղորդակից լինելու սուրբ մասունքին։
Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի ձեռամբ։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց նաև մատաղի օրհնության կարգ։
Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ՝ ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի։ Ապա կատարվեց նաև մատաղի օրհնության կարգ։
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանն էր։ Ներկաները հնարավորություն ունեցան նաև հաղորդակից լինել սրբի մասունքին։
Իսկ Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում։