Սեպտեմբերի 26-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և ամերիկաբնակ Աննա Բեգլարյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեցին Էջմիածնի Սուրբ Գայանե վանք: Միասնական աղոթքից հետո Ս. ԳԱյանե վանքի բակում հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը խմբային բաց դաս անցկացրեց, որի ժամանակ երեխաները երգեցին Կոմիտաս վարդապետի մշակումներից մանկական և ժողովրդական երգեր, պարեցին «Թամզարա» և «Ամռան գիշեր» պարերը:
Այնուհետև արև երեխաներն այցելեցին Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն, ուր ծանոթացան «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի գործունեությանը, գինու պատրաստման ավանդական եղանակին, կազմակերպության սաների նկարչական աշխատանքներին: Հաջորդ անակնկալն առավել ուրախություն պարգևեց արևներին, նրանք մասնակից դարձան հայկական ավանդական թոնրի լավաշի թխման վարպետության դասին:
Մինչ սիրո սեղանի շուրջը համախմբվելը Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Աննա Բեգլարյանին, որ իր երկրորդ զավակի ծննդյան առթիվ արևներին ուրախ անակնկալներով լի օր պարգևեց: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանին, հատուկ մանակավարժ Զեմֆիրա Հարությունյանին և սաների ծնողներին՝ նրանց հանձնելով շնորհակալագրեր, հատուկ մանկավարժի հետ համագործակցային աշխատանքում ցուցաբերած հետևողական մասնակցության համար:
Կարինե Սուգիկյան