Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով

Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով

Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձը հղեց աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

 

«Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

 

Այսօր սրբազան այս տաճարի նվիրական կամարների ներքո համախմբվել ենք մեր հոգևոր դասի և հավատացյալների հետ` աղոթք առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության և մեր ժողովրդի ապահով կյանքի համար։

 

Արցախ աշխարհի ազատությունն ու անկախությունը, խաղաղ ու ստեղծագործ կյանքը, մեր սրբազան արժեքները պաշտպանելու գոյամարտն ենք վերստին մղում այս օրերին, նորօրյա մեր պատմության այս վճռական պահին։

 

 

Անկախ ու ազատ ապրելու իրավունքը աստվածապարգև շնորհ է, անվիճարկելի և անձեռնմխելի։ Այդ իրավունքի պաշտպանության համար մեր ժողովուրդը վճռական է ու հաստատակամ։ Ինչպես հաճախ մեր պատմության ընթացքին, այսօր էլ ազգս հայոց այլընտրանք չունի, քան զինված դիմակայությամբ արժանապատվորեն պաշտպանելու իր կյանքն ու ազատությունը։ Մենք մեր ժողովրդի հետ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ, ինչպես և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական գործողությունները, որ ընթանում են Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, կասեցվում են աննկուն ոգով և աստվածապավինությամբ հայոց քաջարի բանակի մեր խիզախ զորականների և զինվորների։ Արդարև, «Տերն է մեր օգնականն ու փրկությունը … և Տերն է խորտակում պատերազմները» (hմմտ. Ելից 15.2-3): Սիրելիներ, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, և մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը Աստծո օգնականությամբ և ողջ հայության միասնականությամբ վերստին պսակելու ենք հաղթանակով։ Մեզ ոգեշնչում է հայրենասիրական և հաղթական այն ոգին, որով մեր ժողովրդի զավակները շտապում են լրացնել հայրենիքի պաշտպանների շարքերը և միավորել ուժերն ու հնարավորությունները` ի խնդիր անշրջելի հաղթանակի:

 

 

Այսօր պահն է, որպեսզի ազգովի անվեհեր պայքարով մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց և վկայենք մեր միասնականության ուժն ու ոգու անպարտելիությունը։ Մեր հերոսական մաքառումները՝ արձանագրված հայոց պատմության փառավոր էջերին, ապացուցել են, որ ազգային համախմբումն ու միասնականությունն են հաղթանակներ կերտում և պարզում լուսավոր հորիզոնները մեր գալիքի։

 

 

Սիրելի զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն ու պատգամն է՝ ամուր պահել հայրենանվիրումի և ազգանվիրումի ոգին, համախմբել համազգային մեր ողջ ներուժը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և թույլ չտալու ոտնահարումը մեր ազգային արժանապատվության, թանկ գնով ձեռք բերված մեր ազատության ու անկախության և ազգային մեր իրավունքների։

 

 

Մեր ժողովրդի առջև հառնած այս փորձության հանդիման Մենք ուղերձներ ենք հղել պետությունների ղեկավարներին, մեր քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին և միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ադրբեջանի բռնատիրական ու հարձակողական ընթացքների դեմ կարևոր են քաղաքակիրթ աշխարհի ջանքերը` տարածաշրջանում իրավիճակի կայունացման, խաղաղության և ստեղծագործ ու ապահով կյանքի վերահաստատման համար։ Մարդկային կյանքերը սուրբ են ու աստվածապարգև, և դրանց նկատմամբ ոտնձգությունը՝ աստվածամերժություն։ Խորապես ցավում ենք մեր ամեն մի զոհի և վիրավորի համար։ Կորով ու քաջասրտություն ենք մաղթում մեր զինծառայողների ծնողներին, շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարությունը՝ զոհվածների հարազատներին։

 

 

Ի խորոց սրտի հայցում ենք Աստծո Սուրբ Աջի հովանին ու զորակցությունը մեր բանակի քաջարի զինվորներին, արցախահայ մեր խրոխտ զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ Թող Տիրոջ պահպանությունն ու օրհնությունը տարածյալ լինեն մեր հայրենյաց և համայն հայության վրա», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

 

 

Վերջում Նորին Սրբությունը հրավիրեց ներկաներին վերստին միասնական աղոթք բարձրացնելու առ Աստված հայրենիքի խաղաղության ու անվտանգության, հայոց բանակի հաղթանակի, համայն մեր ժողովրդի ապահով կյանքի ու բարօրության, նաև հանուն հայրենիքի պաշտպանության զոհված մեր հերոս զավակների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

  • 2020-09-29
×