Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին Հայաստանի և Սյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվեց Համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում արարողության հանդիսապետը Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր: Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալ ժողովրդով: Արարողության ավարտին Սրբազան հայրը կոչով դիմեց բոլոր հավաքվածներին՝ մասնավորաբար ասելով.
«Հավատավոր հայ ժողովուրդ,
ծանրագույն փորձության ժամ է: Մենք մեկ ենք՝ հոգով, մտքով և սրտով: Երբ 105 տարի առաջ մեզ կոտորում էին, տարբերություն չէին դնում դավանանքի, տարիքի, սեռի. բոլորին համարում էին հայ, և յաթաղանը ճոճվում էր օդում, թափվում էր հայի արյունը: Նույնն էլ հիմա է: Մեր նահատակների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը: Աստծո տան մեջ մեր միասնական աղոթքներն ենք առաքում ի վեր, հայցելով, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի: Մենք Աստծո Ժողովուրդ ենք, և Տիրոջը հավատարիմ ենք եղել 2000 տարիներ ի վեր: Բազում փորձությունների միջով ենք անցել, բայց դեռ խաղաղ նավահանգիստ չենք հասել: Մենք այդ ճանապարհին ենք և մաքառումների միջով ենք անցնում:
Ահա ծանրագույն մի փորձություն մեր առջև է: Եվ մենք այն պիտի հաղթահարենք, որպեսզի գոյատևենք ու այլևս գոյաբանական խնդրի առջև երբեք չկանգնենք: Դա մեր իրավունքն է՝ Աստծուց տված օրհնությամբ: Եվ մենք պատրաստ ենք այն իրագործելու՝ Աստծո առաջնորդությամբ ու օրհնությամբ: Հավատու՞մ ենք, որ մեր աղոթքն ուժ ունի, ուրեմն գնացե՛ք, ծառայե՛ք Հայրենիքը պաշտպանող հայ զինվորին՝ ով ինչով կարող է: Սա է մեր պատգամը ձեզ՝ գնացե՛ք, սիրով, հզոր կամքով և արիաբար ծառայե՛ք մեր հայրենիքին՝ որտեղ Տերը, ձեր խղճի թելանդրանքով, ձեզ կառաջնորդի: Մենք հավատում ենք, որ կհաղթենք:
Ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հավատում ենք, ուրեմն՝ կհաղթենք: Սերը, շնորհը, խաղաղությունը, թող լինի ձեզ հետ, բոլորիս հետ: Իսկ հիմա գործելու ժամն է: Գնացե՛ք Աստծո օրհնությամբ: Ի գո՛րծ բոլորս:
Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն։ Երթա՛յք խաղաղութեամբ եւ Տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամէն»։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին