Այս օրերին Արարատյան Հայրապետական թեմը, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, դեպի Արցախի սահմաններ ուղարկվեց օգնության հերթական խմբաքանակը:
Թեմը մեծ հոգատարությամբ պատերազմի հենց առաջին օրվանից հավաքագրում և սահման է ճանապարհում հայրենիքի պաշտպանության գործին լծված զինվորների համար անհրաժեշտ պարագաներ: Այս անգամ աջակցությունը ներառում է տաք գլխարկներ, ձեռնոցներ, գուլպաներ, տաք հագուստ, ձմեռային շապիկներ:
Հոկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքը ևս, հերթական աջակցությունը ցուցաբերեցին Հայոց բանակին: Այս անգամ սահմանին քաջաբար մարտնչող մեր զինվորների համար Արցախ ուղարկվեց հագուստ և կոշիկ (աջակցության ընդհանուր արժեքը կազմել է 2 203 000 (երկու միլիոն երկու հարյուր երեք հազար) ՀՀ դրամ)։
Արարատյան Հայրապետական թեմը իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին։
Նշենք, որ այս պահին էլ շարունակվում է անհրաժեշտ իրերի հավաքագրումը և դրանց՝ սահման տեղափոխման կազմակերպումը: Ցանկացողները կարող են տեսակավորված տաք հագուստը, գուլպաները, շապիկները, տաք ծածկոցները, անկողնային պարագաները մոտեցնել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: