Սբ. Անանիայի մասնատուփ-աջից օրհնություն բաշխվեց ուխտավորների

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սբ. Անանիայի մասնատուփ-աջից օրհնություն բաշխվեց ուխտավորների

Սբ. Անանիայի մասնատուփ-աջից օրհնություն բաշխվեց ուխտավորների

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրն այս տարի նշեց հոկտեմբերի 13-ին:

 

Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո, և հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երեկոյան ժամերգություն և զինվորների պահպանության աղոթք կատարվեց, իսկ ժամը 22.00-ին մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ուխտավորները Ս. Անանիայի շիրմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով Հայոց և Արցախ աշխարհների խաղաղության, հայրենյաց պաշտպան զինվորների և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ողջ գիշեր Խաղաղական, Հանգստյան, Գիշերային, Առավոտյան, Արևագալի ժամերգություններ և  Զինվորների օրհնության կարգ կատարվեցին: Ողջ գիշեր՝ ամեն ժամերգությունից հետո ուխտավորները մասնակից եղան նաև սաղմոսերգությանը, որ դարեր շարունակ հայ քրիստոնյայի կյանքի ուղեկիցն է եղել. սաղմոսները երգվել ու հնչել են ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ:

 

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն ու բազմաթիվ ուխտավորներ եկեղեցում մասնակցեցին Ս․ Պատարագին (պատարագիչը՝ եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյան էր): 

 

Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը: 

 

Կարինե Սուգիկյան

  • 2020-10-14
×