Հայոց պատմության դարավոր էջերը փաստում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ազգի կենաց-մահու օրհասական պահերին խոսքով և գործով ոգեշնչել է հայրենյաց պաշտպան զինվորին ու զորավարին և հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց զորքը ճակատամարտի է մեկնել՝ հոգևորականի օրհնությունն ստանալով: Այսօր էլ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները: Կարևոր առաքելության կոչված հոգևոր սպասավորներն իրենց հավատքով, հոգեշունչ քարոզներով և աղոթքներով քաջալերում ու խրախուսում են հայրենյաց պաշտպան զինվորներին՝ բարձր պահելով նրանց մարտական և հայրենասիրական ոգին: Հոգևորականի ներկայությունը բանակում քաջալերում է հայ զինվորին, ում կողքին հոգևոր սպասավորը ոչ միայն աղոթակից է, այլև, հարկ եղած դեպքում նաև՝ զինակից: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում է նաև Բարձրյալի օգնությունը, որն ուղեկցում է Բարձրյալին ապավինած մեր քաջարի զինվորներին ծանրագույն փորձության այս օրերին:
Օրեր առաջ Արցախում սպասավորող Ագարակի զորամասի գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն իր ծառայության ընթացքում աստվածային հրաշքով փրկվել էր թշնամու ԱԹՍ-ի հարվածից, որն ընկելնելով նրա մեքենայի վրա՝ չէր պայթել: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, հերթական աջակցությունը ցուցաբերեց: Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գնդերեց Դավիթ սարկավագին հանձնեց Կարեն Վարդանյանի նվերը՝ ավտոմեքենա, որպեսզի սպասավորող գնդերեցը Հայոց բանակում կարողանա լիարժեք իրագործել իր հոգևոր սպասավորությունը: Թիկունքում իրականացվող յուրաքանչյուր աջակցություն նպատակ ունի անկոտրուն և բարձր պահելու Հայոց բանակի մարտական ու բարոյական ոգին, որ բոլոր ժամանակներում ճակատամարտերի և պատերազմների ելքի վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել և համարվել է բանակի գաղտնի զենքը:
Աստծուն սիրող և ծառայող անձը չի կարող չսիրել իր մերձավորին: Աստվածային սերն իր սրտում ունեցողը մոտ է ճշմարիտ սիրո աղբյուրին: Այդ դեպքում սերը ձեռք է բերում հավիտենություն, իսկ առանց այդ սիրո սերը կեղծ է, ժամանակավոր և կործանարար: Միայն Աստծու հանդեպ սեր ունեցողն է, որ պատրաստ է հանուն Աստծու փառքի զոհողության գնալ: «Հիշենք, որ սերն ապրում է զոհաբերության միջոցով և աճում է տալով: Առանց զոհաբերության սեր չկա»,- ասել է Ս. Մաքսիմիլյան Կոլբեն:
Կարինե Սուգիկյան