Նոյեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ, խմբավար Հարություն Թոփիկյանի հիշատկին։
Արարողությունն անցկացվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ու աշխատակազմի նախաձեռնությամբ։
Հոգեհանգստյան կարգը կատարվեց Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ։ Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մխիթարության ու երախտիքի խոսքը ներկաներին փոխանցեց Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
Արարողության ավարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը, որը հիմնադրել ու մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է մեծավաստակ Հարություն Թոփիկյանը, հարգանքի տուրք մատուցեց` հոգևոր երգերի կատարմամբ, որոնք պատրաստվել, մշակվել ու ուսուցանվել էին մաեստրոյի կողմից։
Երախտիքի ու հիշատակի իր խոսքերն ասաց նաև Աշոտ Բլեյանը, ով երկար տարիներ աշխատելու առիթ է ունեցել վաստակավոր երաժշտի հետ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին