Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, խնդրում ենք բոլորիդ այսօր` ժամը 21.30-ին, միանալ ընդհանրական աղոթքի։ Կարևոր չէ, այդ պահին որտեղ կլինենք՝ տանը կամ դրսում, 15 րոպե դադար առնենք, կանգնենք աղոթքի ու դիմենք Տիրոջը մեր զինվորների ու մեր երկրի պահպանության խնդրանքով։
«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ» (Մատթեոս 18:20)»: Աղոթքի համար հավաքվենք ոչ թե երկու կամ երեք հոգով, այլ՝ հարյուրներով, հազարներով։ Մենք էլ աղոթքով ու մեր զգոնությամբ պահենք զինվորների թիկունքը։
Եվ թող Տէրը խաղաղեցնի ու հանգստացնի բոլորիս լարվածությունն ու լավատեսություն հաղորդի բոլորիս։ Այսօր բոլորս պետք է սթափ ու արթուն լինենք, հավատանք ու վստահենք մեր Երկնային Տիրոջը։
Տե՛ր Աստված մեր, Դու պահի՛ր, պահպանի՛ր և օրհնի՛ր բոլոր զորավարներին և զինվորներին ամեն ժամ և, հատկապես, պատերազմի և փորձությունների այս օրերին: Նրանց միտքն ու մտածումները Քո Սուրբ երկյուղի վրա սևեռած պահիր, որպեսզի մշտապես Քեզանով պահպանված լինելով՝ հեռու մնան փորձություններից, նեղություններից և վտանգներից: Քո կողմից մեզ տրված բոլոր բարիքների համար արժանի դարձրու մեզ օրհնություն և փառք մատուցելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն: