Դեկտեմբերի 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, լույս տեսավ ժեստերի լեզվով թարգմանված հերթական տեսասկավառակը̀ «Տասներկուսը̀ Տիրոջ առաքյալները»։
Աստվածաշունչը ժեստերի լեզվով ներկայացնելու նախագիծը մեկնարկել է դեռևս 15 տարի առաջ։ Առաջին փուլում թարգմանվել և չորս տեսասկավառակով ներկայացվել է Մանկական Աստվածաշունչը, երկրորդ փուլում՝ Ղուկասի Ավետարանը, ապա անցած տարի թողարկվել է նաև Աստվածաշնչի մարգարեների մասին պատմող տեսասկավառակը: Այս անգամ թողարկված տեսասկավառակը պատմում է Քրիստոսի 12 առաքյալների մասին։
Սկավառակը թողարկվել է Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի նախաձեռնությամբ և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամբ։
Համավարակով պայմանավորված՝ տեղի չունեցավ սկավառակի բաց շնորհանդեսը։ Թեմի առաջնորդարանում հավաքվեցին տեսասկավառակի պատրաստման աշխատանքներին մասնակցած՝ խուլ երեխաները և խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի, ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի հետ ամփոփեցին կատարած աշխատանքը։ Տեր Եսայի քահանա Արթենյանն իր շնորհակալությունը հայտնեց ժեստերի լեզվի պատասխանատուին, խուլերին ու թարգմանիչներին՝ աշխատանքներին ակտիվ ներգրավվածություն և նախանձախնդրություն ցուցաբերելու համար։
Օրվա ընթացքում Տեր Եսայի քահանա Արթենյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանն այցելեցին Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, որտեղ, ըստ ավանդույթի, կրթահամալիրի սաներին նվիրեցին թողարկված սկավառակը։ Նախատեսվում է, որ այն ևս, ինչպես նախկինում թողարկված սկավառակները, կհասնի Հայաստանի բոլոր մարզերում լսողության խանգարումներ ունեցողներին: