Արցախյան Երկրորդ պատերազմից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմավորվեց կամավորների խումբ՝ համակարգելու զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքները։ Այդ աշխատանքների հիմնական նպատակը ընտանիքներին հոգեբանական, բարոյական ու սոցիալական օգնություն ցուցաբերելն է, զոհված զինվորների սգավոր ծնողներին ու հարազատներին հովվական խնամքի տակ առնելը։
Հնարավորինս կազմվեց Երևանում ապրող զոհված զինվորների ընտանիքների ցուցակը և այն բաշխվեց` ըստ վարչական շրջանների: Ցուցակը դեռ ունի լրացման և ամբողջացման կարիք:
Դեկտեմբերի 27-ին, ըստ վարչական շրջանների, զոհված զինվորների ընտանիքները հրավիրվեցին իրենց համայնքի եկեղեցիներ, և հավարտ տարեվերջյան Սուրբ և Անմահ Պատարագի՝ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր զոհված հերոսների։ Արարողությունից հետո հոգևորականները կազմակերպեցին հանդիպում զոհվածների ընտանիքների և ներկա հարազատների հետ։ Հոգևոր զրույցի ընթացքում քահանա հայրերը սգավոր ծնողներին իրենց երախտիքն ու խոնարհումը բերեցին և պատրաստակամություն հայտնեցին՝ հետագայում տնայցեր կազմակերպելու ու հոգևոր ծառայություն մատուցելու։ Զոհված զինվորների ծնողները հատկապես ցանկացան, որ քահանա հայրերը Սուրբ Ծննդյան Տնօրհնեքներ կատարեն իրենց բնակարաններում: Ընտանիքների հետ կապը լինելու է շարունակական՝ նախատեսվող հովվական այցելությունների տեսքով։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին