Սբ. Ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագը առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում
Սբ. Ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագը առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում
Հունվարի 5-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը Տեր Եսայի քահանա Արթենյանն էր:
Սբ. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թեմական խորհրդի անդամները:
Հընթացս Սուրբ Պատարագի՝ ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի Սրբազան,
Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ եկեղեցականաց ուխտապահ դասին, թեմական ու համայնքային վարչությանց պատվարժան անդամներին ու հավատավոր Մեր բոլոր զավակներին:
Ծանր սրտով հրաժեշտ տվեցինք 2020 թվականին: Այն մեր ժողովրդի պատմության մեջ արձանագրված կմնա որպես մեծագույն կորուստների տարի: Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների հետևանքով կորցրեցինք Արցախ աշխարհի մեծ մասը, ունեցանք բազմահազար զոհերր ու վիրավորներ, բյուրավոր տեղահանվածներ ու հարյուրավոր գերեվարվածներ, պղծվեցին ու ավերվեցին բազմաթիվ սրբավայրեր, վանքեր ու եկեղեցիներ: Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում հայրենի մեր երկիրը շարունակում է դիմագրավել բազում մարտահրավերներ: Դժվարին այս կացության առջև Սուրբ Ծննդյան կենսատու ավետիսը մխիթարության և հույսի լուսաշող աղբյուր է՝ ըստ հրեշտակաձայն պատգամի. «Մի՛ վախեցեք, ես մի ավետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախություն պիտի բերի ամբողջ ժողովրդին. այսօր ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկ. Բ 10-11):
Բազմադարյա պատմության քառուղիներում մեր ժողովուրդը տեսել է բազում փորձություններ, կրել մարդկային ամենածանր տառապանքներն ու դժվարությունները, սակայն երբեք չի ընկճվել ու չի հուսալքվել, այլ առ Աստված ապավինությամբ ու հարության հաղթական հավատքով վերակերտել է իր կյանքը և արձանագրել նոր հաջողություններ՝ հանուն առավել պայծառ ու լուսավոր ապագայի:
2021 թվականը ևս դիմավորում ենք հույսով համակված հոգու հայացքով առ Մարդացյալ մեր Փրկիչը, Ով Իր Սուրբ Ծննդյան խորհրդով աշխարհ է բերում Աստծո խաղաղությունը, գթությունն ու ողորմությունը:
Մեր հերոս զավակների ու նահատակված քաջորդիների սուրբ հիշատակի առջև պարտք ունենք ամենքս՝ Ավետարանի կենարար պատգամներով քաջալերելու մեր ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու մեր սրբազան հայրենիքի առաջընթացին՝ մասնակցություն բերելով արցախահայության առջև ծառացած խնդիրների լուծմանը և նոր եռանդով ու հանձնառություններով հետամուտ լինելով ազգային մեր իղձերի ու տեսիլքների իրականացմանը:
«Խաղաղութեամբ քով Քրիստոս Փրկիչ մեր, որ ի վեր է, քան զամենայն միտս և զբանս, ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» Սուրբ Պատարագի խորահորհուրդ աղոթքը Մեր շուրթերին՝ ի սրտե հայցոմ ենք, որ Խաղաղության Իշխանը՝ Մարդացյալ Աստվածորդին, Իր Սուրբ Ծննդյան շնորհներով խաղաղություն պարգևի մեր երկրիկն և մեր ժողովրդին՝ համազգային մեր կյանքից ներս առատացնելով սերը, համերաշխությունն ու միաբանությունը:
Սիրելի՛ Սրբազան, Մեր մաղթանքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ և Ձեզ ծառայակից եկեղեցականաց դասին, թեմական ու ծխական մարմինների բարեջան անդամների հետ գործակցությամբ, նորոգ նվիրումով և ջանասիրությամբ շարունակելու Ձեր հոգևոր առաքելությունը՝ հանուն աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության, մեր Սուրբ Եկեղեցու և տիրախնամ թեմիդ պայծառության և ազգային-հոգևոր կյանքի շենացման:
Թող Միածին Որդու օրհնություններն ու կենարար շնորհները ուղեկից լինեն ու առաջնորդեն մեր ազգին այսօր և հավիտյանս. ամեն:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱԻ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Նավասարդ Սրբազանի նախագահությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կատարվեց Տնօրհնեքի կարգ: