Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սրբալույս Մյուռոնով օծեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուն ընծայաբերված խաչվառը: Նվիրատուն Նարեկ և Գոհար Աշուղաթոյան ընտանիքն է:
Խաչվառի մի երեսին ասեղնագործված է Քրիստոսի խաչելության տեսարան, մյուսին՝ Աստվածամայրը՝ Մանուկ Հիսուսի հետ: Երկու սրբապատկերներն էլ վերցված են 17-րդ դարի հայկական դաջված մի վարագույրից, որի բնօրինակներից մեկը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Առանձնահատուկ խնամքով է մշակված ու ձուլված նաև խաչվառի փայտի գագաթին ամրացված ճաճանչը: Խաչվառի ամբողջական ձևավորումն արել է Նարեկ Աշուղաթոյանն, ով նաև Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ է: Խաչվառն ասեղնագործել է Ռուզաննա Գրիգորյանը:
Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով Աշուղաթոյան ընտանիքին գեղեցիկ նվերի համար՝ Սրբազան Հայրն ուրախությամբ նշեց, որ եկեղեցու արարողությունների ժամանակ այս խաչվառն իր ուրույն տեղն է ունենալու հավատացյալների կյանքում՝ հիշեցնելով ավետարանական ճշմարտությունները:
Խաչվառները մեր եկեղեցու ծիսական կարևոր իրերից են, որոնք գործածվել են նաև իբրև դրոշներ: Դրանք արարողությունների ժամանակ առաջնորդում են հավատացյալների թափորը՝ խորհրդանշելով Հիսուսին, որ շրջում էր ժողովրդի մեջ: Մեր ժողովրդի կյանքում խաչվառները առաջնորդել էլ են նաև բանակներն ու զորքը՝ որպես տիրոջ օրհնության խորհրդանիշ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին