Աջակցություն տրամադրվեց արցախցի երեխաներին

Աջակցություն տրամադրվեց արցախցի երեխաներին

Այսօր՝ հունվարի 15-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և բարերարների նախաձեռնությամբ, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում աջակցություն տրամադրվեց մոտ 90 արցախցի երեխաների։ Բարերարները ցանկացել էին աջակցությունը տրամադրել՝ եկեղեցու միջնորդությամբ։ Երեխաների համար պատրաստված անվանական փաթեթներում նոր տաք հագուստ էր և սնունդ։

 

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը նախ զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեց, կարդաց  բժշկության աղոթք̀ վիրավոր զինվորների և բոլոր հիվանդների համար։ Տեր Հայրն իր խոսքում արցախցի մանուկներին մաղթեց․ «Թող խաղաղություն լինի աշխարհում, և դուք և ձեր ընտանիքները կարողանաք վերադառնալ տուն»։

 

Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմն այս օրերին շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում կարիքավորներին։ Տարվում են աշխատանքներ վիրավոր զինվորների հետ, հովվական խնամքի տակ են առնվում հանուն հայրենիքի իրենց կյանքը տված զինծառայողների ընտանիքները։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-01-15
×