Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ

Հունվարի 30-ին Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ներկա էին Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ գնդերեցներ: Պատարագիչը ՀՀ ԶՈւ գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանն էր:

 

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Սրբազան հայրերը Սուրբ Սարգսի մասունքակիր աջով, Քրիստոսի խաչափայտի մասունքով և 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանով օրհնեցին գնդերեցներին, զինվորականներին, երիտասարդներին ու հավատացյալներին:

 

Օրհնության արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը, դիմելով հավատավոր ժողովդրին, ի մասնավորի ասաց․

 

«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

 

պատարագիչ Տեր հայրն իր քարոզում խոսեց մեր սրտի վերքի մասին՝, պատերազմի հետևանքների և մեր կորուստների: Շատ երիտասարդների իրենց ծաղիկ հասակում մենք հանձնեցինք հողին, բայց նրանց սխրանքները մեր սրտերում են: Մենք ոչ միայն պիտի հիշենք ու չմոռանաք, այլև ուխտ պիտի անենք, որ իրենց անավարտ գործի շարունակողը լինենք: Այդ ուխտը պիտի մղի ամենքիս հայրենիքի համար անելու առավելագույնը: Այսօրվա խորհրդի առանցքը սա է, և մենք այդ ծանր, բայց քաղցր պարտականությունը պետք է վերցնենք մեզ վրա, որպեսզի մեր զավակների նահատակությունը իմաստ ունենա: Մենք պետք է կյանքի կոչենք այն իղձերն ու նպատակները, որ նրանք ունեին:

 

Սիրե՛լ Աստծուն, սիրե՛լ հայրենիքը, սիրե՛լ ծնողին, սիրե՛լ մերձավորին, ահա, թե ինչ է պատվիրում մեզ Սուրբ Սարգիսը. միայն այս կերպ սիրո անհաղթ ուժը կյանքի կկոչվի, կդառնա իրականություն և շոշափելի: Թող Սուրբ Սարգսի մասունքակիր աջը զորացնի բոլորիս, անսահման սեր պարգևի, որպեսզի մենք կարողանաք այն սփռել մեր մերձավորների, ընկերների մեջ՝ փաստելով՝ սիրո ուժն է անհաղթ. Ամեն»:

 

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը տված հայորդիների:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-01-30
×