Երեկ՝ փետրվարի 28-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Դանիական Հայկական բարեգործական առաքելության աջակցությամբ «Գործք սիրոյ» նախաձեռնությունը, որը միավորում է երիտասարդ կամավորների ներուժը՝ 44-օրյա պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու համար, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իրականացրեց՝ արցախցի աշխատասեր ընտանիքների օժանդակությանը նվիրված բարեգործական վաճառք։
Սուրբ Պատարագից հետո, ներկաները առիթ ունեցան Եկեղեցու բակում՝ ճաշակելու արցախցի մայրիկների ձեռքով պատրաստված ժենգյալով հաց և պահքի քաղցրավենիքներ։
Բարեգործական վաճառքի միջոցներով հավաքագրված գումարը ամբողջությամբ փոխանցվեց պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ժամանած երեք կարիքավոր ընտանիքների։ Նշենք, որ այս ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ, նպատակ ունենալով՝ օգնել կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Թո՜ղ Աստծո օրհնություններն առատանան բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր ունեն դրա կարիքը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին