ԱՀԹ-ից մասնակցություն՝ եռօրյա դասընթացին

ԱՀԹ-ից մասնակցություն՝ եռօրյա դասընթացին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթահամալիրում մարտի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա դասընթաց: Թեման հոգևորականների կողմից ցուցաբերվող սոցիալ-հոգեբանական աջակցությունն էր: Սեմինարը կազմակերպված էր հատկապես զինծառայողներին և պատերազմից տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Դասընթացին մասնակցում էին Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց, Արթիկի, Կոտայքի, Տավուշի թեմերում և ՀՀ Զինված ուժերում ծառայող քահանաները: Սեմինարը վարում էր հոգեբան Դավիթ Գևորգյանը։ 

 

Դասընթացավարը քահանա հայրերին ներկայացրեց հոգեբանական խորհրդատվությունը՝ մանրամասնությամբ ներկայացնելով սթրեսի և դեպրեսիայի իրավիճակում դրա արտահայտման ձևերը։ Դասընթացի ընթացքում խոսվեց նաև հոգևոր խորհրդատվության հմտությունների մասին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմից դասընթացին մասնակցում էր Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:


«Ապրումակցումը շատ կարևոր է հոգևորականի համար՝ անձին հաղորդակից լինելու հարցում։ Այն պետք չէ նույնացնել նույնականացման հետ, այսինքն՝ հոգևորականը, հոգեբանականը կամ աջակցողը չպետք է եղածի վրա ավելացնեն սեփական զգացումները, կարծիքը։ Կարիք չկա պատրաստի դեղատոմսեր առաջարկելու։ Պետք է անձի հետ զրուցելով, նրա հետ միասին գտնել լուծման ուղիները, և ոչ թե նրա փոխարեն անել դա»,- մեզ հետ զրույցում նշեց արժանապատիվ Տեր հայրը։

 

Սեմինարն ավարտվեց, սակայն առաջիկայում ակնկալվում է ևս մեկ հանդիպում, որի նպատակն է լինելու նշված հոգեբանական հմտությունների գործնական կիրառումը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղակատվական բաժին

  • 2021-03-10
×