Ծաղկազարդի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Ծաղկազարդի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Այսօր՝ մարտի 28-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվել Մանուկների օրհնության կարգ: Այս օրը երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որը խորհրդանշում է նախամուտքը, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Դռնբացեքը կատարվում է եկեղեցու գավթի դռան կամ Ս. Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Երկնքի արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»: 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, թեմի մի շարք եկեղեցիների բակերում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:


Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Եկեղեցու բակում տեղի ունեցած միջոցառումը կազմակերպվել էր եկեղեցու Տիկնանց միության ջանքերով: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Տիկնանց միության պատասխանատու Սաթենիկ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ցանկացանք Ծաղկազարդի տոնը զուգորդել հայ ժողովրդի առաքելության հետ՝ արարչագործությունից մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը»: Տիկնանց միության եռանդուն ջանքերով եկեղեցու բակը զարդարվել էր տոնական սեղաններով, որոնք լի էին տոնի խորհրդանիշ ձեռագործ աշխատանքներով, քաղցրավենիքով:  

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց և սիրիահայ համայնքի տիկնանց  միությունների կողմից պատրաստված տոնական ուտեստների, ձեռագործ իրերի վաճառքի ողջ հասույթը գործածվելու է բարեգործական նպատակներով: Սիրիահայ տիկնանց հանձնախմբի անդամ Քնար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն տարի պահքային ուտեստներ ենք պատրաստում՝ Ծաղկազարդի տոնի առթիվ: Ստացված հասույթը ծառայում է բարեսիրական նպատակների»: 

 

Տոնին իրենց մասնակցությունն էին բերում նաև Երիտասարդաց միության անդամներ, դպրոցականներ: Եկեղեցու բակում կազմակերպվել էր կավճանկարչություն, նկարչություն, երեխաներին ներկայացվում էր տոնի խորհուրդը: 

 

Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Ծաղկազարդի տոնը այստեղ նույնպես նշվեց տոնական միջոցառմամբ: Եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախի ավանդական ժենգյալով հացի պատրաստում և հյուրասիրություն ներկաներին՝ կազմակերպված Շենգավիթի թաղապետարանի մշակույթի բաժնի կողմից:

 

Թաղապետարանի մշակույթի տան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցան մշակույթի տան սաները՝ կատարելով ազգային երգեր ու պարեր:

 

Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը առավոտից մարդաշատ էր: Ներկաները եկել էին Սուրբ և Անմահ Պատարագին մասնակից լինելու և օրհնություն ստանալու: Սուրբ Գևորգ եկեղեցում առավոտյան տեղի ուենցավ անդաստանի կարգ, այնուհետև օրհնվեցին ճյուղերը և մատուցվեց Սուրբ Պատարագ՝ եկեղեցու խորհրդակատար Տեր Մյուռոն քահանա Ադամյանի ձեռամբ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը մեզ հետ զրույցում նշեց. «Ներկաները շատ ոգևորված էին տոնին մասնակցում, եկեղեցու ներսում մանուկների օրհնության կարգ կատարելուց հետո դրսում ևս կատարեցինք կարգը, քանի որ շատ երեխաներ չէին կարողացել մուտք գործել եկեղեցի՝ մարդաշատության պատճառով»: Սուրբ Պատարագի ավարտին Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը կազմակերպել էր նաև ժենգյալով հացի հյուրասիրություն, ինչպես նաև միջոցառում, որի շրջանակում «Մարաթուկ» ազգային երգ ու պարի խումբը հանդես եկավ ազգային պարերով ու երգերով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2021-03-28
×