«Մեծացե՛ք որպես ուխտի զավակներ». Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին
«Մեծացե՛ք որպես ուխտի զավակներ». Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին
Մարտի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ Հիսուսին ողջունեցին՝ «Օվսաննա՜, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով:
Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները, առանց պահքը խախտելու, կարողացան հաղորդվել: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս.Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Նավասարդ Սրբազանը կատարեց Մանուկների օրհնության կարգ: Արարողության ավարտին Սրբազան հայրը դիմեց ժողովրդին՝ մասնավորաբար ասելով. «Սիրելի՛ հավատավոր և հավատարիմ հայորդիք, այս Սուրբ Խորանից օրհնեցինք մեր մանուկներին, որ Տերն Իր զորավոր Աջով նրանց խաղաղ, ապահով մանկություն պարգևի և տարիների հաջող լրումին հասցնի:
Հայցում ենք Տիրոջից, որպեսզի մեր մանուկները ոչ միայն խաղաղ, ապահով երկնքի տակ հասակ առնեն, այլ Տերը զորացնի նրանց միտքն ու կամքը, որպեսզի լինեն ուխտի զավակներ և այդ ուխտն իրագործող սերունդ: Աղոթում ենք, որ իրենց ուխտով կապվեն ցեղին՝ Հայկ Նահապետով, ժողովրդին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչով, ազգին ու մշակույթին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցով, և հաղթանակի պայքարին ՝ Սուրբ Վարդանի սրով:
Ա՛յս ուխտին նվիրված սերունդ ենք ցանկանում ունենալ, որ մեր հայրերի մտատիպարների կրողը լինեն: Արհամարհեն հարմարվողականությունը, կրավորական կեցվածքը, և ավելորդ հանդուրժողականությունն, ինչը թուլամորթություն է, և սպառազինվեն այն արժեքներով, որոնք դարձել են մեզ համար ուխտի, մաքառումի և, ի վերջո, պիտի դառնան հաղթանակի ճանապարհ:
«…Եվ մենք՝ զավակներդ օգոստոսափառ, պիտի կերտենք նոր արշալույսներ»,- Դանիել Վարուժանի այս գեղեցիկ պատգամին շաղախելով մեր աղոթքները՝ հայցում ենք Տիրոջից, որ անսասան լինի մեր մանուկների հավատքը, հույսը և սերը: