Նավասարդ Սրբազանն օծեց Սուրբ Աննա եկեղեցու Ս. Սեղանի խաչը
Նավասարդ Սրբազանն օծեց Սուրբ Աննա եկեղեցու Ս. Սեղանի խաչը
Հոկտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վարազդատ քահանա Նաջարյանն էր:
Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանն օծեց Սուրբ Սեղանի խաչը, որը նվիրաբերել է եկեղեցու խաչքավոր տիար Տիգրան Հակոբյանը։
Սրբազան հայրն արարողության ավարտին Տիգրան Հակոբյանին շնորհեց Օրհնության գիր՝ մաղթելով, որ Տերունական Ս. Խաչի օրհնությունը մշտապես պահպանի Հակոբյան ընտանիքը եւ արեւշատ օրեր պարգեւի նրանց։
Օրհնագրում մասնավորաբար ասվում է. «Մեր սրտաբուխ եւ բյուր բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ՝ Հայոց Եկեղեցու անդաստաններում հավատարիմ մշակի խոնարհությամբ պտղաբերելու եւ վերերկրային սիրո ու բարության սերմեր ցանելու կամավոր առաքելության գործում: Հղում ենք Ձեզ եւ Ձեր ընտանիքին մեր հոգեշահ մաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն եւ բազում արեւշատ օրեր»:
Նավասարդ Սրբազանը շնորհավորեց նաեւ համայնքի անդամներին՝ այս գեղեցիկ նվերի համար, ապա Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց: