Սուրբ Սարգսի տոնի առթիվ փետրվարի 12-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի «Քարավան» ակումբում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Սիրո գերազանցությունը. հոգևոր-հոգեբանական դիտարկումներ» խորագրով: Դասախոսությունը վարեց «Դիալոգ» ՀԿ-ի հոգեբան Արմինե Վահանյանը: Միջոցառումն Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ մեկնարկեց Տերունական աղոթքով։ Ապա Տեր հայրը ներկայացրեց օրվա խորհուրդը՝ պատմելով Սուրբ Սարգսի ու նրա որդի Մարտիրոսի քրիստոնեական սխրանքի մասին։ Իր խոսքում Տեր Աշոտը մասնավորապես շեշտեց, թե որքան կարևոր է այն սերը, որ մարդ տածում է Աստծո նկատմամբ։ Հենց այդ սերն է, որ ապրեցնում է մեզ՝ բոլորիս։
Դասախոսության ընթացքում ներկայացվեցին ժամանակակից հասարակության մեջ «սեր» հասկացության բազմաթիվ իմաստները՝ բարձր զգացմունքներից մինչև ռոմանտիկ ընկալում, զգայական պատկերից մինչև անձնային կախվածություն, հիվանդագին վիճակից մինչև ինքնամերժում՝ դիտվելով որպես հեղինակային մոտեցումների քուրայում ձուլվող մի հանքանյութ, որի «պիտանելիության ժամկետը և օգտագործման հուշաթերթիկը» շատ անգամ կախված է լինում մասնագետի աշխարհայացքային մոտեցումներից կամ էլ անձնային տարաբնույթ որակներից:
Բանախոսը, որպես առանցքային դիտարկում, սերը ներկայացրեց քրիստոնեական հոգեբանության տեսանկյունից, որը ենթադրում է անձի կամքի ընդգրկուն մասնակցություն և ակտիվություն: Քրիստոնեական սերը մարդու վարքը նորմալացնող արտաքին պարզ հանգամանք չէ, այլ վերաբերում է յուրօրինակ և միևնույն ժամանակ եզակի մարդկային անհատականության ներքին էությանը, որը քրիստոնեական հոգեբանության և էթիկայի մեջ մեկնաբանվում է որպես արժեքների արժեք կամ բացարձակ գերազանցություն։
Այս նախաձեռնությունը հատկապես երիտասարդների համար կարևորվում էր այնքանով, որ սա հրաշալի առիթ էր հոգևոր ու հոգեբանական մոտեցումները գրագետ համադրելու, Աստվածաշնչից բխող սիրո պատգամների վրա ուշադրություն սևեռելու համար։