Փետրվարի 10-ին «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Բուն Բարեկենդանին ընդառաջ» խորագրով հանդիպումը Սոնիա Թաշչյանի հետ: Նա խոսեց Բուն Բարեկենդանի ժողովրդական սովորույթների, տոնական ուտեստների մասին:
Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» մշակութային հանգոյցի համատեղ «Արարատյան քննարկումներ» ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ:
Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիմք կդառանա հայ երիտասարդի համար:
Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին: Այդ առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ փետրվարի 15-ին ԱՀԹ երիտասարդները կկազմակերպեն Բուն Բարեկենդանին նվիրված տոնական շքերթ և մեծ միջոցառում:
Բուն Բարեկենդանի նախընթաց շաբաթ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կնշվի ժողովրդական տոնը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին