Դժվարությունների ու փորձությունների մեջ հայտնվելիս՝ հաճախ եմ հուսալքվել, հիասթափվել, մտածել, որ ամեն բան ավելի վատ է լինելու, ես անկարող եմ լինելու՝ դուրս գալ այն մութ խցից, որի մեջ գցել են ինձ, կամ գուցե ինքս եմ հայտնվել, բայց չեմ նկատել: Ու այս բոլոր դժվարությունների միջով անցնելիս, գիտե՞ք՝ ամենահետաքրքիրը որն է եղել, ես մեկ վայրկյան անգամ չեմ կորցրել իմ հավատը, այն հավատը, որ Աստծո հետ եմ կապել: Երբեք չեմ մեղադրել Տիրոջը, չեմ ասել, ախր, ես սրան էի արժանի՞, կամ ինչու՞ ես հենց ինձ նման փորձությունների մեջ շարունակ պահում: Չեմ ասել նման խոսքեր, որովհետև, հավանաբար մտածել եմ, որ ցանկացած պարագայում Նա ինձ հետ է լինելու, ինձ հավասար պայքարելու է ու հասցնելու այն ներքին խաղաղությանը, որի մասին ես երազել եմ:
Այո,՛ եղել են պահեր, երբ մտածել եմ, գուցե Տերը իսկապես երես է թեքել ինձնից, դրա համար էլ հայտնվել եմ նման անելանելի իրավիճակում, բայց այդ մտքերը միայն մի պահ են հայտնվել, հետո նորից հետ եմ վերադարձել, եկել իրականություն, երկար մտածել ու հասկացել, որ իմ մտածմունքների մեջ չպետք է երբևէ մեղադրեմ Աստծուն: Ես իրավունք չունեմ մեղադրելու Մեկին, Ով տեսնելով իմ սխալներն ու թուլությունները, շարունակում է ինձ հետ լինել:
Գիտեք, չեմ կարող բացատրել, որտեղից էր գալիս այդ վստահությունը, բայց ինձ ինչ-որ բան միշտ հուշում էր, որ քիչ է մնացել, շուտով ամեն բան առաջվանը կլինի: Հետո իսկապես, հենց այդպես էլ լինում էր, ես անցնում էի բոլոր դժվարությունների միջով, ինձ հետ վերցնելով՝ անհամար հիասթափություններ, կորուստներ, ցավոտ մտքեր, անբացատրելի բացասական զգացումներ, բայց Աստծո հետ նորից ապրելու ու Նրա կամքով շարժվելու ցանկությունս երբեք չէր մարում, հիմա էլ չի մարել, ավելին՝ այն ինձ համար վերածվել է ապրելակերպի: Իմ օրը չի կարող սկսվել առանց աղոթքի ու չի կարող վերջանալ առանց Աստո հետ մտերմիկ զրույցի: