Յուրաքանչյուր պատմամշակութային դարաշրջան իր պատկերացումներն ունի կարևորագույն իրողությունների՝ կյանքի, մահվան, ազատության, մարդու առաքելության, կյանքի իմաստի և այլնի մասին, առանց որոնց անհնար է հասկանալ ու մեկնաբանել այդ դարաշրջանի մարդկանց կեցության, մտածելակերպի ու գործելակերպի յուրահատկությունները։ Այդպիսի իրողույթներից է նաև արդարությունը։
Արդարության հարցն առանցքային տեղ է գրավում նաև միջնադարյան մտածողների, այդ թվում հայ աստվածաբանական-փիլիսոփայական մտքի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Գրիգոր Տաթևացու ուսմունքում։ Նրա համար արդարությունն ավանդական չորս առաքինություններից մեկն է։ Արդարությունը, որպես առաքինություն, կոչված է կարգավորելու և ուղղորդելու մարդկանց վարքը։
Հայ մտածողի կարծիքով՝ արդարությունը մարդու էությունը բնորոշող հատկություն է, որովհետև միայն մարդուն է ներհատուկ արդարության պահանջմունքը, միայն մարդն է տարբերակում ինչպես ճշմարիտն ու կեղծը, բարին և չարը, գեղեցիկն ու տգեղը, այնպես էլ արդարն ու անարդարը։ Արդարությունը մարդուն ի վերուստ տրված, նրա բնության մեջ սերմանված պարգև է։ Աստված, մարդուն ստեղծելով Իր պատկերով և նմանությամբ, նրան պարգևել է երեք գեղեցկություն՝ արդարությունը, բարին և ճշմարիտը, որոնք միասին կոչված են ապահովելու մարդու նմանությունն իր Արարչին։
… Բոլոր մարդիկ հավասար են, նախ, որովհետև հոգևոր առումով ունեն միևնույն հայրը՝ Աստված, և միևնույն մայրը՝ եկեղեցին, երկրորդ, քանի որ նրանք մարմնական առումով նույն նախահոր ժառանգներն են և ստեղծվել են միևնույն նյութից:
Ճիշտ է, Տաթևացին արդարությունը համարում է աստվածային պարգև, մարդու բնությանը բնորոշ գիծ, այդուհանդերձ բնավ էլ այն կարծիքին չէ, որ մարդու մեջ առանց նրա ցանկության ու կամային ջանքի դա կարող է հաստատվել ու դրսևորվել։ Արդարությունը մյուս առաքինությունների նման ձեռքբերովի է։ Աստված մարդուն ստեղծել է բարի, արդար, սակայն մարդը պետք է իր կյանքի ընթացքում հոգ տանի, որ դրանք աճեցնի, կատարելագործի և լիարժեք դրսևորի։
Խորհրդանշական է, որ Տաթևացին արդարությունը նմանեցնում է սերմի, որը ունի երկու հատկություն՝ մահ և կյանք․ ինչպես սկզբից հարկավոր է հերկել ու փափկացնել հողը, հետո սերմը ցանել, այնպես էլ հարկավոր է մարդու միջից հանել բոլոր մեղքերը, մաքրել հոգին, նոր «սերմանել գործ արդարութեան», քանզի «անհնար է առանց արդարութեան գործոց հանգիստ կամ արքայութիւն մարդոյ»։ Ինչպես սերմի մի հատիկից աճում են բազմաթիվ հատիկներ, այնպես էլ մի արդար գործից լինում է բազմապատիկ հատուցում։
Ուստի և Տաթևացին, հենվելով աստվածաշնչյան պատկերացումների, վարդապետների ու իմաստասերների մտքերի վրա, գալիս է այն եզրահանգման, որ մարդը իր կյանքի ընթացքում համբերությամբ տանում է այս աշխարհի անարդարությունները, որովհետև հավատում է Աստծո արդար դատաստանին, համոզված է, որ չարագործները, անարդարներն ու մեղավորները անպայման կպատժվեն Ահեղ դատաստանի օրը, որովհետև Աստվածաշնչում այս մասին շատ պարզ գրված է. «Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստություն Սողոմոնի 1:1-4): Ահա՛ այսպես է Տաթևացին ներկայացնում արդարության մասին իր պատկերացումները ու երանի տալիս այն օրվան, երբ արդարությունը վերջնականապես կտիրի աշխարհում, ու ամենքը հնարավորություն կունենան ապրելու խաղաղության և ապահովության մեջ:
Պատրաստեց
Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ