Ինչո՞ւ էի լալիս

Ինչո՞ւ էի լալիս

«Միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ
եմ ասում՝ ուրախ եղեք» (Փիլիպ. 4:4) 

 

Մեր կյանքում երբեմն այնպիսի դժվարությունների ու աղետների առաջ ենք կանգնում, որ չենք կարողանում հաղթահարել դրանք՝ առանց արցունքների։ Այս պարագայում լալիս ենք ոչ թե երկյուղից, այլ անզորությունից։ Այդպիսով խնդրում ենք Աստծուց՝ զգալ Նրա ներկայությունը մեր կյանքից ներս, ազատվել դժվարություններից ու պատուհասած աղետներից ոչ թե մոռանալով, այլ հաղթահարելով։

 

Սակայն կան նաև դեպքեր, երբ մեզ բաժին հասած դժվարություններն ամենածանրը չեն։ Երբ գործ չունենք կորուստների ու ցավի հետ, այլ ունենք ընդամենը ինչ-որ խնդիր, որը հարկ է լուծել։ Բայց այդ դեպքում էլ կարծես չհասկանալով, թե ինչ է կատարվում, սկսում ենք լաց լինել։ Այս անգամ լալիս ենք ոչ թե մեծ դժվարության նկատմամբ անզորությունից, այլ թուլությունից, թուլակամությունից։ 

 

Այս դեպքում, երբ ուշքի ենք գալիս, հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ էի լալիս։ Այս հարցը տալիս ենք ինքներս մեզ, քանի որ լուսավորվում ենք Աստծո լույսով։  «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105),- ասում է սաղմոսերգուն: Հենց այդ պահից սկսած է, որ դառնում ենք դեպի Աստված, որ հասկանում ենք բարին ու չարը, ճշտորեն սկսում ենք զգալ ու տեսնել տարբերությունը՝ Տիրոջ լույսով լուսավորված։

 

Սուրբ Նեղոս Սինայեցին նույնպես նկատում է, թե որքան է ողբով ու լացով լցված մարդու կյանքը։ Սուրբը հիշում է մարդու համար կարևոր երկու իրադարձություններ՝ ուրախ և տխուր, որոնք երկուսն էլ լցված են լացով․ «Այն, որ մարդկանց կյանքը լեցուն է ողբով ու լացով, պարզ հասկանում ես՝ տեսնելով, ինչպես են լացում նորածինները՝ հազիվ դուրս գալով մոր որովայնից, և ինչպես ողբի է արժանանում խեղճ մարդն իր մահվանից հետո»,- ասել է Սուրբը։

 

Մեր կյանքում՝ մեզ բաժին հասած դժվարություններով անցնելիս, մենք էլ հաճախ հիշենք այն մասին, որ մեր կյանքն առանց այն էլ լցված է լացով։ Ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ էի լալիս՝ փորձելով տալ այդ հարցի պատասխանը։ Եվ եթե չենք գտնում մի հարմար պատճառաբանություն, հիշենք Սուրբ Գրքում ասված այս խոսքերը որպես պատգամ․ «Միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրախ եղեք» (Փիլիպ. 4:4)։

 
  • 2022-05-16
×